Փշատենի. ՀՀ Կարմիր գիրք
Փշատենի (լատ.՝ Elaeagnus), փշատազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառեր կամ թփեր։
Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ փշատենի արևելյան (E. orientalis) և փշատենին եզատերև(E. angustifolia)։ Տարածված է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է (ստորին լեռն, գոտուց մինչև, միջին լեռնայինը) գետերի և առուների ափերին, խոնավ վայրերում, տարբեր տիպի հողերում և այլն։ Աճում է նաև Ճապոնիայում, Չինաստանում և Եվրոպայում։
Ծառի բարձրությունը մինչև 10 մ Է, կեղևը՝ կարմրադարչնավուն, փայլուն, ընձյուղները՝ սպիտակ-արծաթափայլ։ Տերևները գծաձև են, նշտարաձև, էլիպսաևշտարաձև կամ նեղ ձվաձև, ամբողջաեզր, հերթադիր։ Ծաղիկները ողկուզանման են, տերևանութային կամ մեկական, երկսեռ կամ միասեռ, արտաքինից՝ արծաթավուն, ներսից՝ դեղնանարնջագույն, բուրավետ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կորիզապտուղ է, մանր (5-10 գ), երկարավուն, գլանաձև, մաշկը՝ բարակ, թղթանման, փայլուն, դարչնագույն, շագանակագույն կամ վառ կարմիր։
Պտղամիսը սպիտակադեղնավուն է, չոր, փշրվող, ալրանման, քաղցր, հաճելի համով։ Պտուղները պարունակում են շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ, աղաղանյութեր, օրգանական թթուներ։ Ունեն բուժիչ և սննդարար հատկություններ, օգտագործում են ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ։ Ծաղիկներից ստացվող յուղն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Չորադիմացկուն, աղադիմացկուն և ցրտադիմացկուն է։ Երկարակյաց է։ Բազմանում է կտրոններով։ Գեղազարդիչ է և մեղրատու։ Փշատենու երկու տեսակն էլ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Այս դասը մտնում է փշատազգիների (Elaeagnaceae) ընտանիքի և վարդածաղկավորների (Rosales) կարգի մեջ։