Անապատային կաքավ. Հայաստանի Կարմիր գիրք
Անապատային կաքավը Փասիանների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1.
Տարածվածությունը: Մեսոպոտամիայից մինչև Իրան և Ինդ ու Պենջաբ, դեպի հյուսիս հասնում է մինչև Թուրքմենստան և Տաջիկստան:
Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է հանրապետության ծայր հարավում, Մեղրու շրջանում` Իրանի սահմանի մոտ:
Ապրելավայրերը: Աղքատ չորային բուսականությամբ ծածկված Մեղրու լեռնաշղթայի հարավային քարքարոտ լանջերի ցածր լեռնային շրջանում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց: Բնադրում է հողի վրա: Տարեկան մեկ ձվադրում` արեալի տարբեր մասերում, ապրիլի կեսերից մինչև հուլիս: Ձվակույտում՝ 8–12 ձու: Ձվերի զարգացումը` 21 օրից ավելի:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ոչ կանոնավոր բնադրող տեսակ է, ծայրահեղ փոքր թվաքանակով:
Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում: Որսագողությունը:
Պահպանության միջոցառումները: Տեսակի արեալի մի մասն ընդգրկված է «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Խիստ պահպանության կարիք ունի: Անհրաժեշտ է սահմանել խիստ վերահսկողություն որսագողության վրա: