Ցորեն. ՀՀ Կարմիր գիրք
Ցորեն, (լատ.՝ Triticum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Տեսակները բաժանվում են 3 գենետիկական՝ դիպլոիդ, տետրապլոիդ, հեքսապլոիդ խմբերի, որոնք միմյանցից տարբերվում են սոմատիկ բջիջներում եղած քրոմոսոմների թվով։
Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13, 6 մլրդ․ հա․ տարածք, որից առայժմ մոտ 1 մլրդ․ հա․ մարդ օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Մշակվում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց ցանքատարածքի մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային բույսերը՝ ցորենը, աշորան, գարին, հաճարը, վարսակը, կորեկը, եգիպտացորենը, սորգոն, բրինձը, հնդկացորենը։ Նշված բույսերը (բացի հնդկացորենից) պատկանում են հացազգիների ընտանիքին և ունեն մի շարք ընդհանուր բուսական հատկություներ։ Մեր օրերում հացահատիկը ոչ միայն կարևորագույն սննդամթերք է, այլև՝ անասնապահության զարգացման հիմք։
Դիպլոիդ խմբի մեջ մտնում են երկու վայրի՝ վայրի միահատիկ ցորեն (Triticum boeoticum), վայրի ուրարտական ցորեն (Triticum urartu), և մեկ մշակովի՝ միահատիկ ցորեն (Triticum) տեսակները։ Տետրապլոիդ խմբի մեջ մտնում են․ վայրի տեսակներից՝ արարատյան ցորեն (Triticum araraticum), վայրի հաճարը (Triticum dicoccoides), մշակովիներից՝ Տիմոֆևևի ցորեն (Triticum timopheevi), կոլխիդական երկհատիկ ցորեն (Triticum palao colchicum), սովորական հաճարը (Triticum dicoccum), կովկասյան ցորեն (Triticum persicum), կարծր ցորեն (Triticum durum), տուրգի դում կամ անգլիական ցորեն (Triticum turgidum), արևելյան ցորեն (Triticum էսranicum), լեհական ցորեն (Triticum polonicum), հաբեշական ցորեն (Triticum aethiopicum), սպահանական ցորեն (Triticum ispahanicum)։ Հեքսապլոիդ խմբի մեջ մտնում են․ մշակովի տեսակներից՝ մախի ցորեն (Triticum macha), կիսահաճարը կամ ճոնը (Triticum spelta), փափուկ ցորեն (Triticum aestivum), կունդիկ ցորեն (Triticum compactum), կլորահատիկ ցորեն (Triticum sphaerococcum), Վավիլովի կամ Վանի ցորեն (Triticum)։
Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։ 1930-ական թվականներին Հայաստանում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2, 5 հազար տարի առաջ այս տարածքում (Արարատյան դաշտում) մշակվել են միահատիկ ցորեն և ցորեն փափուկ (Triticum aestivum) տեսակները։ Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաև Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում։ Մ. Թումանյանը հայտնաբերել է (1930-ական թթ.) վայրի ցորենի միահատիկ, ուրարտական, Արարատյան տեսակները և Վավիլովի կամ Վանի ցորեն (Triticum vavilovi) ու կիսահաճարը (Triticum spelta), իսկ Բ. Գարասեֆերյանն ու Պ. Ղանդիլյանը Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում՝ վայրի ցորենի բազմաթիվ տարատեսակներ։ Վայրի հացազգի (ցորեն, գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համար Կոտայքի և Արարատի մարզերի սահմանագծում ստեղծվել է Էրեբունի արգելոցը։
Ցորենի էնդեմիկ տեսակների և տարատեսակների քանակով Անդրկովկասն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ Էլ Անդրկովկասը համարվում է ցորենի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։ Ցորեն տարածված է երկրագնդի բոլոր մայրցամաքներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ ցորեն։ Ցորենի մշակման հյուսիսային սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 76° 44՝ (Մուրմանսկի մարզ), իսկ հարավային սահմանն ընդգրկում է Ավստրալիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հարավային տարածքները։ Ցորեն առավելապես տափաստանային բույս է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հազար մետր բարձրություններում (Հայաստանում՝ մինչև 2, 6 հազար մ բարձրության վրա)։
Ցորենի արմատային համակարգը փնջաձև Է, զարգանում է հիմնականում վարելաշերտում։ Ցողունը գլանաձև է, 40-130 սմ բարձրությամբ։ Տերևը նշտարաձև է։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, առանցքը՝ ծնկաձև։ Ծնկաձև ելուստում նստած է հասկիկ՝ 3-5 ծաղիկներով։ Հասկիկը կազմված է 2 հասկիկային թեփուկներից, ծաղիկը՝ արտաքին և ներքին ծաղկային թեփուկներից։ Քիստավոր ցորենի արտաքին թեփուկն է քիստ կրում։ Պտուղը հատիկ է, կազմված՝ թաղանթից, էնդոսպերմից, սաղմից։ 1000 հատիկի զանգվածը 20-50 գ է (երբեմն մինչև 70 գ)։ Ցորենը միամյա բույս է։ Ունի հիմնականում 2 կենսաբանական խումբ՝ աշնանացան և գարնանացան։ Հայաստանում ցորենի տեղական սորտերից կան երկցան տեսակներ՝ Սպիտակահատ, Կարմիր կունդիկ, Գալգալոս։ Ցորենի սերմերն սկսում են ծլել 1-2 °C ջերմաստիճանի պայմաններում, ծլելու լավագույն ջերմաստիճանը 12-15 °C է։ Ձյան շերտի բացակայության դեպքում աշնանացան ցորենը ոչնչանում է -16-18 °C սառնամանիքներից, 20 սմ ձյան շերտի տակ դիմանում է մինչև -20 °C, իսկ 30-60 սմ ձյան շերտի տակ՝ -40 °C-ին։ Գարնանացան ցորենի ծիլերը դիմանում են -13 °C սառնամանիքներին, իսկ թփակալման փուլում՝ -8-9 °C, ծաղկման ու հատիկալիցքի փուլում՝ ֊1-2 °C սառնամանիքի պայմաններում վնասվում է։ Հայաստանում աշնանացան ցորենի վեգետացիայի տևողությունը Արարատյան դաշտում 260-270 օր է, Սիսիանում՝ 300 օր, Վարդենիսում՝ 310-315 օր, գարնանացան ցորենինը՝ Սիսիանում՝ 117-120 օր, Վարդենիսում՝ 122-128 օր։ Ցորենը պահանջկոտ է խոնավության և պարարտանյութերի նկատմամբ։ Ցորենը կարևորագույն պարենային կուլտուրա է։
Օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրության մեշ։ Ցորենից ստանում են նաև սպիրտ, օսլա, դեքստրին, սոսինձ և այլն։ Հատիկը, աղացման թափոնները արժեքավոր կեր են, հումք են համակցված կերերի համար։ Ցորենը սննդարար է, կալորիականությունը բարձր է, պարունակում է սպիտակուցներ (10-25%), ածխաջրեր (60-64%), ճարպեր (շուրջ 2%), թաղանթանյութ, վիտամիններ, ֆերմենտներ, ֆոսֆոր, երկաթ, կալցիում և [հանքային նյութեր։ Ծղոտն օգտագործում են որպես ցամքար և կեր, նաև թղթի, ստվարաթղթի և այլնի արտադրության համար։
Կա ցորենի 15 տեսակ, դրանից մարդն ընտել և մշակում է երկուսը` կարծր և փափուկ տեսակները։ Հատուկ արժեք է ներկայացնում կարծր ցորենը, որի հատիկը ավել հարուստ է սպիտակուցային նյութերով։ Եթե փափուկ ցորենի մեջ, սպիտակուցի պարունակությունը հասնում է 10-17%, կարծրինը հասնում է 24-25%։ Ամենաբարձր որակի մանրաձավարեղենը, մակարոն-վերմիշելները և հրուշակեղենի տեսակները ստանում են կարծր ցորենի ալյուրից։
Ցորեն հնագույն կուլտուրա է։ Այն հայտնի էր Առաջավոր Ասիայում (Իրաք, Սիրիա, Իրան) և Թուրքմենիայում մ․ թ․ 6-7 հազար տարի, Եգիպտոսում՝ 4 հազար տարի առաջ, Չինաստանում սկսել են մշակել մ․ թ․ 3 հազար տարի առաջ։ Անդրկովկասում ցորենը հայտնի էր մ․ թ․ 5-4 հազար տարի առաջ։ Ամերիկա է տարվել 17-րդ դարում․։ 1939-1941 թվականներին Հայաստանում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է հացահատիկի ածխացած հատիկներ։ Մ․ Գ․ Թումանյանի ուսումնասիրություններից պարզվել է, որ դրանք ցորենի հատիկներ են և որ 2, 5 հազար տարի առաջ այս տարածքում մշակվել է (Triticum aestivum), որը մինչ այժմ էլ մշակվում է Արարատյան դաշտում։ 1978 թվականին ցորենի համաշխարհային ցանքատարածությունը (առավելապես ԽՍՀՄ, Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Կանադա) 232 միլիոն հա էր, միջին բերքատվությունը՝ 19 ց/հա։
ՀՀ-ում շրջանացված են ցորենի աշնանացան՝ Բեզոստայա 1, Միրոնովսկայա 808, Կանգուն 20, Սպիտակահատ տեղական, Արմյանկա 60 և այլն, գարնանացան՝ Գալգալոս (Քռիկ), Նոր կունդիկ, Շիրակի 1 և այլ սորտեր։ ՀՀ-ում ցորենի հիմն, ցանքատարածությունները կենտրոնացված են Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի և այլ մարզերում։ 1970-ին արտադրության մեջ ներդրվել է ցորենի և աշորայի խաչաձևումից ստացված նոր բույս՝ Տրիտիկալե (Triticale), որի աշնանացան սորտերը բարձր բերքատու են։
Ցորենի Վավիլովի, Արարատյան, վայրի միահատիկ և ուրարտու տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Էրեբունի և Խոսրովի անտառ արգելոցներում աճող պոպուլացիաները պահպանվում են պետության կողմից։