Սապսան. Հայաստանի Կարմիր գիրք

Սապսանը Բազեների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Նստակյաց տեսակ է: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Տվյալ ենթատեսակը փոքր թվաքանակով հանդիպում է Կենտրոնական և Հյուսիսարևմտյան Եվրոպայում, Սիրիայում և Լիբանանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է գրեթե ամբողջ տարածքում` զբաղեցնելով ժայռային միջավայրերը:

Ապրելավայրերը: Բնակվում է ժայռերի առկայությամբ տարբեր տիպի բիոտոպերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է ժայռերի վրա` խորշերում կամ ժայռաքիվերին: Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ձվակույտում` 2–4 ձու: 2007 թվականի տվյալներով՝ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի ցանցում գրանցվել է 5 բազմացող զույգ, որոնցից ստացվել է 7 ձագ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախնական հաշվառմամբ՝ Հայաստանում սապսանի թվաքանակը կազմում է 60–70 զույգ: Ըստ 2008 թ–ի տվյալների՝ Կենդանաբանական այգիների Եվրասիական ասոցիացիայի ցանցում պահվում է 48 առանձնյակ:

Վտանգ ման հիմնական գործոնները: Բացասական ազդեցություն ունի վերջերս արաբական երկրներում առաջացած հետաքրքրությունը սապսանի հանդեպ որպես որսի թռչուն, որը ստեղծում է պոտենցիալ շուկա Հայաստանում և նպաստում որսագողությանը: Բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև միջավայրի թունավորումը հանքային արդյունաբերության թափոններով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով և անտառի վնասատուների դեմ պայքարի հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 1–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Անհրաժեշտ է ուժեղացնել որսագողության նկատմամբ հսկողությունը, հատուկ պահպանել բնադրավայրերը: Վերանայել անտառի վնասատուների դեմ պայքարի միջոցները և գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը` փոխարինելով այն բնական պայքարի միջոցներով:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում