Պապլոր. ՀՀ Կարմիր գիրք

Պապլոր կամ վարդապետիկ (լատ.՝ Muscari), հակինթազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 60) տեսակ։

ՀՀ-ում՝ 7 տեսակ.

պապլոր նրբածաղիկ (M. tenuiflorum),
պապլոր կովկասյան (M. caucasicum),
պապլոր Շովիցի (M. szovitsianum) և այլն։

Տարածված է Շիրակի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր նոսրանտառներում, կիսաանապատներում, խճոտ ու քարքարոտ լանջերին, ալպյան մարգագետիններում և այլն։

Կոճղեզավոր է։ Ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 40 սմ։ Տերևները կաշեկերպ են, արմատամերձ, գծաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն կամ դեղնականաչ։ Ծաղկում է մարտ-հունիսին։ Պտուղը եռանիստ տուփիկ է։ Սերմերը գնդաձև են, սև։

Որոշ տեսակներ աճեցնում են որպես գեղագարդիչ բույսեր։ պապլոր փայլունը (M.pallens) հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Տավուշի մարզի մարգագետիններում, անտառի բացատներում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում