Բալոբան. Հայաստանի Կարմիր գիրք

Բալոբանը Բազեների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանի համար անհետացող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered» A2bcd+3cd+4bcd կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN A2bcd+3cd+4bcd:

Տարածվածությունը: Արևելյան Եվրոպայի տափաստանային և անտառատափաստանային գոտիներ` մինչև Նախակովկաս, Ղազախստան, Միջին Ասիա, Արևմտյան Սիբիր, Ալթայ, Տուվա, Անդրբայկալ:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Երևանի շրջակայքում, Գավառի, Վայքի, Արարատի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թալինի, Էջմիածնի շրջաններում: Հավանաբար, Հայաստանում նստակյաց, բնադրող տեսակ է:

Ապրելավայրերը: Ախուրյանի հովտի ժայռային զանգվածները, որոնք շրջապատված են ծառերից զուրկ կիսաանապատային տեղամասերով: Ներկայումս ապրելավայրերն ինտենսիվորեն օգտագործվում են որպես արոտավայրեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները, սովորաբար, տեղադրված են ժայռեզրերին և խորշերում: Հայտնի է բնադրում ծառերի վրա: Ձվադրում են ապրիլին, դնելով 1–6, ավելի հաճախ` 3–4 ձու: Թխսմանը, որը տևում է 30 օր, մասնակցում են ինչպես էգը, այնպես էլ արուն: Ձվադրման շրջանը` 40–45 օր, երիտասարդ թռչուններ նկատվում են հուլիսի առաջին կեսին: Սնվում են միջին չափերի կաթնասուններով և թռչուններով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Սևան« ազգային պարկում: Անհրաժեշտ է կազմակերպել տեսակի թվաքանակի հաշվառումներ: Հայտնաբերել և խստորեն պահպանել բալոբանի բները Հայաստանի ամբողջ տարածքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում