Հալևորուկ. ՀՀ Կարմիր գիրք
Հալևորուկ (լատ.՝ Senecio), ալևորուկ, խաչախոտ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, լիանների (երբեմն՝ երկար փայտային ցողունով), թփերի, թփուտների, ցածր ծառերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 1500 (այլ տվյալներով՝ 3000)։
Տերևները՝ երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, հաճախ՝ թավոտ, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մանուշակագույն՝ խմբված զամբյուղներում։ ՀՀ-ում աճում է 12 տեսակ, որոնք հանդիպում են ամենուրեք, հիմնականում՝ լեռնային տափաստաններում, անտառներում, մարգագետիններում։ Կան էնդեմիկ (Լիպսկու, Սոսնովսկու ևն) տեսակներ։ Գետային հալևորուկը սառցադաշտային դարաշրջանի ռելիկտ է, պահպանվել է միայն Սևանի ավազանի բարձրլեռնային ճահճուտներում։ Գարնանային, փոքրաշաքիլ և այլ հալևորուկները ցանքատարածությունների մոլախոտեր են։ Ունեն նաև գեղազարդիչ նշանակություն։