Կարմրաոտ բազե. Հայաստանի Կարմիր գիրք

Կարմրաոտ բազեն Բազեների ընտանքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); D1:

Տարածվածությունը: Եվրոպա, Արևմտյան Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Արտաշատի, Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններ, առավելապես` Արաքս գետի հովտում և վտակներում: Բնադրավայրը հայտնաբերվել են նաև Հրազդանի շրջանի գ. Ծաղկաձորում: Դասվում է Հայաստանի բնադրող, չվող թռչունների թվին:

Ապրելավայրերը: Բնակվում են լայնատարած կիսաանապատային և տափաստանային տեղամասերում անտառակների կամ ծառերի առանձին խմբերի առկայությամբ, հաճախ գետերի հովիտներում կամ այլ ջրամբարների հարևանությամբ, երբեմն` նոսրանտառներում և անտառեզրերում, լեռներում` մինչև ծ.մ. 1500 մ բարձրություններ: Հայաստանում ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են գյուղատնտեսական նպատակով այդ տեղամասերի յուրացման հետևանքով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները, սովորաբար, տեղադրված են ծառերի, հազվադեպ` հին շինությունների պատերի կամ տանիքների վրա: Ձվադրում են (2–4, հազվադեպ` 6 ձու) մայիսի երկրորդ կեսին–հունիսի սկզբին: Թխսմանը (28–30 օր) մասնակցում են և՜ էգը, և՜ արուն: Ձագերը դուրս են գալիս հունիսի վերջին–հուլիսի առաջին կեսին: Երիտասարդ թռչուններ նկատվում են մինչև հուլիսի վերջը–օգոստոսի երկրորդ կեսը: Սնվում են, հիմնականում, տարբեր միջատներով, մանր սողուններով և կրծողներով, երբեմն` մանր թռչուններով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայտնի չէ: Վերջին տարիներին բնադրման դեպքեր չեն նկատվել:

Վտանգման հիմնական գործոնները: Հավանաբար, ապրելավայրերի քայքայումը և կերային պաշարների կրճատումը:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանման անհրաժեշտությունը, հանրապետության սահմաններում բացահայտել և խստորեն պահպանել կարմրաոտ բազեի բնադրավայրերը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում