Տափաստանային հողմավար բազե. Հայաստանի Կարմիր գիրք

Տափաստանային հողմավար բազեն Բազեների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ բնադրման տեղային բնույթով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2bce+3bce+4bce» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2bce+3bce+4bce:

Տարածվածությունը: Միջերկրածովային երկրներ, Հյուսիսային Աֆրիկա, Հարավային Եվրոպա, Փոքր Ասիա, դեպի արևելք` մինչև Չինաստան: Ձմեռում է Աֆրիկայում, Արաբիայում, Հնդկաստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Բնադրավայրերը հայտնաբերված են Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրամբարի շրջակայքում, հավանաբար, տեղ–տեղ բնադրում է Արաքսի հովտում և Հյուսիսային Հայաստանում:

Ապրելավայրերը: Կիսաանապատում, չոր լեռնային տափաստաններում` ընդհուպ մինչև բարձր լեռնային մարգագետիններ: Չուի շրջանում նախընտրում է բաց լանդշաֆտներ` դաշտեր, լեռնային տափաստանների և մարգագետինների:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են գաղութներով կամ առանձին զույգերով: Բները, սովորաբար, տեղադրված են ժայռերին և շինությունների տանիքների տակ: Ձվադրում են (3–8 ձու) ապրիլի կեսերին–մայիսին: Թխսում է (28 օր) հիմնականում էգը: Ձագերը դուրս են գալիս հունիսի վերջին–հուլիսի առաջին կեսին: Սնվում են, անողնաշար կենդանիներով (սարդակերպեր, ուղղաթևավորներ, բզեզներ, ճպուռներ) և մանր ողնաշարավորներով (դաշտային մկներ, գետնափորներ, մողեսներ, երբեմն` ճնճղուկազգիներ):

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը խիստ կրճատվել է ամբողջ արեալում: XX դարի սկզբում սովորական, Արաքսի հովտի կիսաանապատներում ներկայումս այդ բնադրավայրը հավաստիորեն հայտնի չեն: Հայաստանում բնադրող զույգերի թիվը չի գերազանցում 25–30–ի:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը, որսագողությունը և բների քանդումը: Տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի քայքայումը: Տեսակի կերատեսակների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում: Տեսակը խիստ պահպանության կարիք ունի: Անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը ապօրինի որսի նկատմամբ և նվազեցնել անհանգստացման գործոնները բնադրող գաղութների շրջակայքում: Բացահայտել անհայտ գաղութները, կառուցել բների համար արհեստական հիմքեր (խորշեր և ճեղքեր ունեցող պատեր) հանրապետությունում տեսակի ներկա և պատմական արեալի սահմաններում թվաքանակի վերականգնման և վերաբնակեցման նպատակով: Բնադրավայրերի շրջակայքում սահմանել գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործման վերահսկողություն և կազմակերպել էկոլոգիական կրթության դասընթացներ տեղի բնակչության համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում