Ջրարծիվ. Հայաստանի Կարմիր գիրք
Ջրարծիվը Ջրարծիվների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Սակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Տեսակը հանդիպում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է Սևանա լճի մերձափնյա գոտում, Արաքս գետի հովտում և բնական ու արհեստական ջրավազաններին մոտ` հանրապետության տարբեր տարածաշրջաններում:
Ապրելավայրերը: Մասնագիտացված ձկնակեր է, բնակվում է ջրավազանների մոտ, մինչև ծ.մ. 2000 մ բարձրությունները:
Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է հիմնականում ծառերի, երբեմն` ժայռերի վրա: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 2–3 ձու:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը Հայաստանում կազմում է մոտ 3–6 զույգ: 2008 թ –ի դրությամբ, Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 3 առանձնյակ:
Վտանգման հիմնական գործոնները: Մերձհունային բարձրաբուն անտառների հատումը, ջրի աղտոտվածությունը և գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ պայքարի ժամանակ թունաքիմիկատների օգտագործումը: Կապված Արարատյան հարթավայրում ձկնաբուծարանների թվի մեծացման հետ՝ ջրարծիվը բնակչության կողմից կարող է դիտարկվել որպես ձկնային տնտեսությանը վնասհասցնող տեսակ և, հետևաբար, ենթարկվել հետապնդմանը:
Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում, «Չվող թռչունների պահպանման մասին» համաձայնությունների հավելվածում: Մեկ զույգը բնադրում է «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է արգելել մերձհունային բարձրաբուն անտառների հատումը և կանոնակարգել գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը, ինչպես նաև անցկացնել մի շարք միջոցառումներ` ուղղված բնադրավայրերի պահպանմանը և բնակչության էկոլոգիական դաստիարակությանը: Ջրարծիվը հաջողությամբ ռեինտրոդուկցվել է այլ վայրերում, նման ծրագրեր կարող են կիրառվել նաև Հայաստանում: Անհրաժեշտ է մեծացնել տուգանքն ապօրինի սպանելու, ձագերին բներից հանելու և ջրարծվի բները ոչնչացնելու համար: