Քարարծիվ. ՀՀ Կարմիր գիրք

Քարարծիվը  Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Գրանցված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Իբերիայից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի արևելք` Փոքր Ասիայով մինչև Կովկաս և Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Նստակյաց: Հանրապետությունում տարածված է համարյա ամենուրեք, խուսափում է ամբողջական անտառային զանգվածներից:

Ապրելավայրերը: Զբաղեցնում է բաց և կիսաբաց տեսակի բիոտոպերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է ժայռերի վրա: Որսը կատարում է բաց տեղանքներում` դաշտերում, մարգագետիններում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ: Դնում են 1–2 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Համաձայն վերջին տվյալների՝ Հայաստանում բնադրում են 34–38 զույգեր: Պոպուլյացիայում բավականին բարձր է ոչ սեռահասուն առանձնյակների թիվը: Համաձայն 2008 թ–ի տվյալների՝ 7 առանձնյակներ պահվում են Երևանի կենդանաբանական այգում և 91 առանձնյակներ` Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական Տարածաշրջանային Ասոցիացիայի այլ կենդանաբանական այգիներում:

Վտանգման հիմնական գործոնները: Ամենաուժեղ բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը: Հերթական սպառնացող վտանգ կարող է հանդիսանալ մի կողմից` գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ անազատ պայմաններում թռչնին պահելու համար, մյուս կողմից` իրականացվող վերահսկողության և էկոլոգիական կրթության անբավարար վիճակը: Բացասականորեն կարող են ազդել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները, ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում, «Չվող թռչունների պահպանման մասին» Ռուսաստանի և ԱՄՆ–ի, Հնդկաստանի ու Կորեայի միջև երկկողմանի համաձայնությունների հավելվածում: Երեք–չորս զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, մեկ–երկուսը` «Դիլիջան» ազգային պարկում: Անհրաժեշտ է անցկացնել մի շարք միջոցառումներ` ուղղված ինչպես բնադրավայրերի պահպանմանը, այնպես էլ բնակչության էկոլոգիական դաստիարակմանը: Մեծացնել տուգանքն ապօրինի որսի, ձագերին բներից հանելու և բները ոչնչացնելու համար: Կարգավորել քարարծվի արեալի սահմաններում թունաքիմիկատների օգտագործումը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում