Բլրային արծիվ. Հայաստանի Կարմիր գիրք
Բլրային արծիվը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Հայաստանի ֆաունայի համար անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable C2a(ii)» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU C2a(ii):
Տարածվածությունը: Նախկին ԽՍՀՄ Եվրոպական մասի հարավային շրջաններ, Ղազախստան, Ալթայի լեռներ և նախալեռներ, Մինուսինսկի անտառատափաստան, Անդրբայկալ, Անդրկովկաս, Թուրքմենստան, Տաջիկստան, Բալկանյան թերակղզի, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա, Հարավարևմտյան Ասիա: Վերջին տարիներին խիստ կրճատվել են արեալի արևմտյան և հյուսիսային մասերը: Արևելյան պոպուլյացիաները բավականին կայուն են:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է հիմնականում չուի ժամանակ, հավանաբար, հազվադեպ ձմեռում է հանրապետության տարածքում: 1955 թ–ին առաջին անգամ բնադրում է հայտնաբերվել Տավուշի մարզում, Այրումի մոտակայքում: Նույն շրջանում գերեզմանաարծիվը բնադրել է 1976 թ–ին և գրանցվել 1978, 1979 թթ–ին:
Ապրելավայրերը: Բաց տարածություններով հերթափոխվող նոսրացված անտառներ, այգիներ և բարձրաբուն ծառերի խմբեր գետերի հովիտներում: Ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված գյուղատնտեսության կարիքների համար դրանց օգտագործման հետևանքով:
Կենսաբանության առանձնահատկությունները: Բները, որպես կանոն, տեղադրում են բարձր ծառերի վրա, շատ հազվադեպ` գետնին: Բնում` 1–3 ձու, թխսումը` 43 օր: Թխսմանը մասնակցում են երկու ծնողները, սակայն էգի դերն ավելի մեծ է: Ձագերը սկսում են թռչել 2,5 ամսական հասակում: Սնվում են մանր կաթնասուններով և թռչուններով, երբեմն` սողուններով, միջատներով, կենդանիների դիակներով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն:
Վտանգման հիմնական գործոնները: Հավանաբար, կերային պաշարների կրճատումը, բնադրման պայմանների վատթարացումը, չուի շրջանում թռչուններին սպանելը: Չուի ժամանակ որսագողությունը` խրտվիլակներ պատրաստելու և իրացնելու նպատակով: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների ազդեցությունը:
Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 1–ում: Անհրաժեշտ է բացահայտել և խստորեն պահպանել միջերկրածովային բազեի բները Հայաստանի ամբողջ տարածքում: Լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանության անհրաժեշտությունը: