Արևադարձ (բույս). ՀՀ Կարմիր գիրք

Արևադարձ (լատ.՝ Heliotropium), խամբար, արևադեմ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 220, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ արևադարձ էլիպսաձև (H, ellipticum), արևադարձ եվրոպական (H, europaeum), արևադարձ թավապտուղ (H, lasiocarpum), արևադարձ Ցվելյովի (H. tzvelevii)՝ էնդեմիկ, արևադարձ ցածր (H, supinum)՝ հազվագյուտ և այլն։

Ցողունի բարձրությունը 20-40 (մինչև 100) սմ է։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը միակողմանի ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ մանուշակագույն։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը քառաբաժան է, ընկուզանման։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Ծաղկաբուծության մեջ օգտագործում են արևադարձ պերուականից (H. peruvianum) ստացված բազմաթիվ տեսակներ, որոնք կիրառվում են ծաղկային ձևավորումներում, պարտեզներում և բնակարաններում։

Տարածված է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է խոնավ վայրերում, կիսաանապատներում, արոտներում, չոր, քարքարոտ լանջերին, դաշտերի և ճանապարհների եզրերին, աղբոտում խաղողի այգիները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում