Աստղաշուշան. ՀՀ Կարմիր գիրք

Աստղաշուշան (լատ.՝ Ornithogalum), խնջլոզ, հակինթազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ աստղաշուշան հայկական (O. hajastanum), աստղաշուշան Տեմպսկու (O. tempskyanum), աստղաշուշան լեռնային (O. montanum), աստղաշուշան կարճահասակ (O. brachystachys) և այլն։

Տերևները գծաձև են կամ նշատարաձև, երբեմն՝ վրայից սպիտակավուն ջղերով։ Ծաղկաբույլը վահանամման կամ ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակ՝ կանաչ շերտով կամ կանաչ եզրով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը ձվաձև կամ հակադիր ձվաձև բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ մանր։ Ժողովրդական բժշկության մեջ սոխուկներն օգտագործում են թարախապալարների բուժման նպատակով։ Տոմպսկու աստղաշուշանը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր լանջերին, քարերի մեջ, գիհու նոսրանտառներում, բոխու և կաղնու անտառներում, լեռնատափաստաններում, ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտիներում (850-2600 մ բարձրություններում)։

Զատկի տոնական սեղանի ուտեստների ցանկում խնջլոզն իր ուրույն տեղն ունի։ Նրանից նաև թթու են պատրաստում։ Հայկական ընտանիքներում ընդունված էր խնջլոզը պատրաստել Ավագ հինգշաբթի, որպեսզի մինչև Զատիկ արդեն լավ թթված լիներ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում