Անթառամ. ՀՀ Կարմիր գիրք

Անթառամ (լատ.՝ Helichrysum), անմեռ ծաղիկ, ոսկարեգ, տիրամոր ծաղիկ և այլն, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 10-12), ՀՀ-ում՝6 տեսակ։

Ցողունի բարձրությունը 15-30 սմ է (երբեմն՝ մինչև 1 մ)։ Տերևները հերթադիր են, պարզ, երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը սկավառակաձև, կիսագնդաձև, գլանաձևից մինչև բրգաձև, թաղանթանման, թեվտւկանման կամ կաշեկերպ թերթիկներով պատված վահանաձև կամ բազմագլուխ զամբյուղ է։ Թերթիկները բարակ են, բազմաշարք, կղմինդրային, սպիտակ, հարդագույն, դեղին, ոսկեգույն, ծիրանագույն։ Ծաղկում Է հունիս-հուլիսին։ Պտուղը գլանաձև կամ չընդգծված պրիզմայաձև սերմիկ է։

Դեղաբույս է, ծաղկաբույլը պարունակում է ֆլավոնիդներ, եթերայուղեր, կարոտին, ճարպանյութեր, ներկանյութ։ Ծաղկաբույլը հավաքում են ոչ լրիվ բացված վիճակում, չորացնում ստվերոտ, բաց տեղում։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, ցավազրկող միջոց։ Ցեցերի դեմ պայքարի միջոցներից է։ Գեղազարդիչ է։ Պալասի անթառամը հանդիպում է Գեղարքունիքի և Սյունիքի (Գեղամա և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններ) մարզերի վերին լեռնային, գոտու չոր, քարքարոտ լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

ՀՀ-ում հայտնի է 6 տեսակ՝ անթառամ ոսկեգույն (H. callichrysum), անթառամ Պալասի (H. pallasii), անթառամ բուրավետ (H. graveolens), անթառամ հայկական (H. armenium) և այլն։ Տարածված Է բոլոր մարզերում։ Աճում է ժայռոտ, քարքարոտ, խճաքարային վայրերում, ցամաքած գետաբերաններում, անտառեզրերին, ալպյան մարգագետիններում, օշինդրային կիսաանապատային, ֆրիգանոիդային, լեռնատափաստանային խմբավորումներում ևայլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում