Աբեղախոտ. ՀՀ Կարմիր գիրք

Աբեղախոտ (Stachys), եզնախոտ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփիկների ցեղ։ Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ ավելի քան 14 տեսակ։ Առավել տարածված են աբեղախոտ փքված (stachys inflata), աբեղախոտ սևաբաժակ (stachys atherocalyx), աբեղախոտ վրացական (stachys iberica), աբեղախոտ թավոտ (stachys pubescens), աբեղախոտ ճահճային (stachys palustris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մազերում։

Աճում է անապատայինից մինչև ենթալպյան գոտիներում, չոր, խոտածածկ լանջերին, անտառներում, թփուտներում, խոնավ մարգագետիններում, գետերի և ջրամբարների ափերին, քարքարոտ վայրերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են, աղտոտում են արոտավայրերը, հացաբույսերի ցանքսերը, խոտհարքները։

Ցողունը կանգուն է, քառանիստ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հակադիր են, նստադիր կամ կոթունավոր, ատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ վարդագույն, ալ կարմիր, սպիտակ կամ դեղին՝ կեղծ տերևանութներում։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը քառընկույզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են․ պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, աղաղանյութեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես արյան ճնշումն իջեցնող, արյունահոսությունը դադարացնող միջոց է։ Մեղրատու է։

Աբեղախոտ կրետականը (stachys cretica) հանդիպում է Շիրակի (Հառիճ գ․), Վայոց ձորի (Աղավնաձոր գ․) և Սյունիքի (Կապան) մարզերի լեռնային գոտիների (800-2100 մ բարձրություններում) քարքարոտ լանջերին, թփուտանման մացառուտներում․ գրանցված է ՀՀ կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում