Սև անգղ. Հայաստանի Կարմիր գիրք

Սև անգղը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Տարածված է Հարավային Եվրոպայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում:

Տարածվածությունը Հայաստանում: Նկատվել է հանրապետության տարբեր շրջաններում: Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ճյուղերում, Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջաններում: Դասվում է Հայաստանի նստակյաց, բնադրող թռչունների թվին:

Ապրելավայրերը: Լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերը լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում, սովորաբար, ծ.մ 1200–2000 մ. բարձրություններում: Բնադրավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բույնը, սովորաբար, տեղադրվում է ծառերի վրա, ավելի հազվադեպ` ժայռերի կամ անմիջապես հողի վրա, բլուրների լանջերին: Ձվադրման շրջանը տատանվում է լայն սահմաններում, հավանաբար` փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը: Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է մեկ ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում: Կան տվյալներ, որ կարող են դնել նաև երկու ձու: Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին, ամենաուշ դուրս գալու ժամկետը` հունիսի առաջին կեսը: Թռչող, երիտասարդ թռչուններ նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հավանաբար, չի գերազանցում 50 բնադրող զույգերի:

Վտանգման հիմնական գործոնները: Հավանաբար, կերային բազայի վատթարացումը` կապված վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է: Անհրաժեշտ է հանրապետության սահմաններում, այդ թվում «Խոսրովի անտառ» արգելոցում բացահայտել և խստորեն պահպանել տեղադրված սև անգղի բնադրավայրերը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում