Մարմարյա մրտիմն. Հայաստանի Կարմիր գիրքը

Մարմարյա մրտիմնը Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է՝ հազվագյուտ, քիչ տարածված, բնադրող, չվող: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd+3cd+4cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Տարածված է Միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում, Վոլգայի դելտայում, Կասպից ծովի հարավում, Անդրկովկասում, Միջագետքում, Փոքր Ասիայում, Աֆրիկայի հյուսիսում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում և հատկապես Արմաշի ձկնաբուծական տնտեսության լճակներում:

Ապրելավայրերը: Խիտ եղեգնով պատված առափնյա ջրային բուսականությամբ լճակները և ճահճուտները, ինչպես նաև ցամաքող աղուտ լճակների առափնյա տարածքները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները կառուցում են լճակների և կղզյակների առափնյա չոր վայրերում, թփուտների ու խոտաբույսերի տակ: Բույնը՝ փոսիկաձև, ցամքարը` փետուրներով ծածկված չոր խոտաբույսերից: Ձվերը` 7–14, գորշ սպիտակ, 42–50 մմ: Թխսումը` 25–27 օր: Ձվերից դուրս եկած ձագերը խնամվում են մոր կողմից:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արմաշի ձկնաբուծական տնտեսության լճակներում և հարակից գերխոնավ տարածքներում վերջին տարիներին հանդիպում են 5–30 բնադրող զույգեր: Նախկինում գարնանային չուի ժամանակ առանձին առանձնյակներ հանդիպում էին Սևանա լճի ավազանում: Ներկայումս չուի շրջաններում 30–50 առանձնյակներ հանդիպում են միայն գ. Արաքսի հովտում:

Վտանգման հիմնական գործոնները: Եղեգնուտների հրդեհում, ինչպես նաև բնադրման շրջանում անհանգստացման գործոնը ու որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Ձկնաբուծական տնտեսությունում, որը դրանց հիմնական բնադրավայրն է, ինչպես նաև դրան հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով: Անհրաժեշտ է Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Տարվա բոլոր շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում, ուժեղացնել պայքարը որսագողության դեմ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում