Կարմրախածի սագ. Հայաստանի Կարմիր գիրք

Կարմրախածի սագը Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ, պատահական չվահյուր: Տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered A2bcd+3bcd+4bcd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN A2bcd+3bcd+4bcd:

Տարածվածությունը: Զբաղեցնում է տունդրայի և անտառատունդրայի խիստ սահմանափակ տարածք Յամալ թերակղզուց մինչև Թայմիր: Ձմռանը հանդիպում է Անդրկովկասում, Կասպից ծովի ափերին, Իրանում, Միջագետքում:

Տարածվածությունը Հայաստանում: Գրանցվել է ընդամենը երկու անգամ` Սևանա լճի ավազանում (28.01.67 թ.) և Արմաշի ձկնաբուծական լճակներում (27.10.1989 թ.):

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում հանդիպում է տունդրայի և անտառատունդրայի առավել չոր ու բարձրադիր, ջրին մոտ տարածքներում, ձմռանը` ջրամբարներին մոտ գտնվող տափաստաններում, մշակովի դաշտերում, լճերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են 4–5 զույգերից կազմված գաղութներով, գետերի խոտաբույսերով և թփուտներով պատված թեք ափերին: Ձվերը՝ 63–69 մմ, 3–6, կաթնագույն կանաչա–կապտավուն երանգով: Երբեմն նույն բնում բնադրում են մի քանի էգեր, և դրանցում կուտակվում է մինչև 50 ձու: Թխսումը` 24–26 օր: Ձվերից դուրս եկած ձագերը խնամվում են երկու ծնողների կողմից:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Տվյալները բացակայում են:

Վտանգման հիմնական գործոնները: Տվյալները բացակայում են:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է կազմակերպել թվաքանակի հաշվառումներ ողջ տարվա ընթացքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում