Ծվվան սագ. Հայաստանի Կարմիր գիրք

Ծվվան սագը Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Չվող, բնադրող, ձմեռող, քիչ տարածված, հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2bcd+3bcd+4bcd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2bcd+3bcd+4bcd:

Տարածվածությունը: Տարածված է Եվրասիայի տունդրայի գոտում` Սկանդինավյան երկրներից մինչև Չուկոտկա: Ձմեռում է Եվրոպայում, առավել հաճախ` Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում, Չինաստանի հարավում, Կորեայում, Ճապոնիայում և Անդրկովկասում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է գարնանային և աշնանային չուի ժամանակ Սևանա լճում և Արաքսի հովտում: Ձմռանը` Արաքսի հովտում, սակայն ոչ ամեն տարի:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում հանդիպում է ոչ միայն տունդրայում, այլև լեռնային լճերում, լեռնային գետերի ստորին մասերում, զառիթափ լեռնային լանջերին: Ձմռանը գերադասում է կերով հարուստ, լայն տեսադաշտով տարածքները, դաշտերը, տափաստանները և ջրավազանների ափերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրման համար գերադասում են խոտաբույսերով և թփուտներով պատված վայրերը, ժայռուտները: Բնի ցամքարը` առատորեն լցված աղվա փետուրներով ծածկված չոր խոտաբույսերից: Ձվերը` 4–8, սպիտա կադեղնավուն, 69–87 մմ: Թխսումը` 26–28 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Միշտ եղել է սակավաթիվ: Չուի և ձմեռման ընթացքում` 5–10 առանձնյակ սագերի խմբում:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի ավազանում և Արաքսի հովտում անհանգստացման գործոնը ու որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է ձմեռման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում և ապահովել դրանց պահպանումը: Ուժեղացնել պայքարը որսագողության դեմ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում