Մոխրագույն սագ. Հայաստանի կարմիր գիրք
Մոխրագույն սագը Բադերի ընտանիքին պատկոանող թռչուն է։
Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս և Հյուսիսարևմտյան Աֆրի կայում:
Տարածվածությունը Հայաստանում: Նախկինում լայնորեն տարածված է եղել հանրապետության բոլոր ջրամբարներում: Ներկայումս հանդիպում է Սևանա և Արփի լճերում հատկապես Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում, որտեղ և ձմեռում է:
Ապրելավայրերը: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով բնադրավայրերը ոչնչացել են: Արփի լիճը ջրամբարի վերածելուց հետո դադարեցին այստեղ բնադրել: Արարատյան հարթավայրում ձկնաբուծական լճակների ստեղծման հետ մեկտեղ վերականգնվեց կերային բազան և ձվադրավայրերը, այժմ հանդիպում են ողջ տարվա ընթացքում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են եղեգնուտի ցողուններից և առափնյա բույսերի ճյուղերից ձկնաբուծական լճակների կղզյակներում: Ցամքարը` աղվափետուրներից: Ձվերը` 4–6, բաց հարդագույն, 80–95 մմ: Թխսումը` 25–30 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայումս մոխրագույն սագի 30–50 բնադրող զույգերի կարելի է հանդիպել Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում: Ձմեռող անհատների թիվը տատանվում է 50–150 սահմաններում:
Վտանգման հիմնական գործոնները: Եղեգնուտների հրդեհումը, բնադրման շրջանում անհանգստացման գործոնը և որսագողությունը:
Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպվում են հանդիպումներ: Անհրաժեշտ է Գիլլի լճի վերականգնումը, Լիճք լճի մակերեսի մեծացումը: Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Տարվա ընթացքում կազմակերպել թվաքանակի հաշվառում, ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: