Սպիտակագլուխ բադ կամ սավկա. Հայաստանի Կարմիր գիրք
Սպիտակագլուխ բադը կամ սավկան Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Ռելիկտային տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered A2bcde+4bcde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN A2bcde+4bcde:
Տարածվածությունը: Արեալն ընդգրկում է Պիրենեյան թերակղզու հարավը, Աֆրիկայի հյուսիս–արևմուտքը, Ռուսաստանը, Թուրքիան, Միջին Ասիան, Պակիստանը, Մոնղոլիան, Չինաստանի հյուսիս–արևմուտքը, Անդրկովկասը:
Տարածվածությունը Հայաստանում: Նախկինում բնադրել է միայն Սևանա լճի ավազանում: Մինչև 1970–ական թվականները դեռևս հանդիպում էին առանձին առանձնյակներ: Ներկայումս հանրապետությանում միակ ապրելավայրը Արմաշի ձկնաբուծական տնտեսություն է, որտեղ և բնադրում են, 20–30 զույգ:
Ապրելավայրերը: Եղեգնապատ բաց ջրային մակերեսով ձկնաբուծական լճակները: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով բնադրավայրերը ոչնչացել են:
Կենսաբանության առանձնահատկությունները: Բույնը. հարթականման, եղեգնից, փտած ջրաճահճային բույսերի կույտերի վրա: Ձվերը` 5–10, 66–69,5 մմ, խամրասպիտակ: Թխսումը` 27–29 օր: Ձվից դուրս եկած ձագերին, չորանալուց հետո, ծնողները ուղեկցում են կերակրվելու:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արմաշի ձկնաբուծական լճակներում և Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում, բնադրման շրջանում, հաշվառվում է 20–30 զույգ, թվաքանակի աճ չի նկատվում:
Վտանգման հիմնական գործոնները: Եղեգնուտների հրդե հումը և արմատահանումը, ինչպես նաև ապօրինի որսը:
Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում, կազմակերպվում են հանդիպումներ բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով: Անհրաժեշտ է Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Տարվա ընթացքում կազմակերպել թվաքանակի հաշվառում: Ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Վերականգնել Գիլլի լիճը: