Սովորական ֆլամինգո. Հայաստանի Կարմիր գիրք
Սովորական կամ վարդագույն ֆլամինգոն (լատ.՝ Phoenicopterus roseus), ֆլամինգոնմանների դասին պատկանող թռչուն է, տարածված է Հարավային Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Աֆրիկայում։
Տնային բադից խոշոր թռչուն է, պարանոցն ու ոտքերը անհամաչափ երկար են, կտուցը շատ մեծ չէ՝ կտրուկ կեռված դեպի ներքև։ Փետրավորումը սպիտակ է՝ վարդագույն երանգով, թևերի ծայրերը սև են, իսկ միջին մասը վառ կարմիր։ Կտուցի հիմքը վարդագույն է, իսկ ծայրը սև, վարդագույն են նաև ոտքերը։ Երիտասարդ անհատները մոխրասպիտակավուն են։ Քաշը՝ 1,94-2,4 կգ։
Սնվում է ծանծաղուտ ջրերում, կեր է փնտրում գլուխը ուղղահայաց սուզելով ջրի խորքը՝ տիղմի մեջ։ Սնվում է ջրիմուռներով, խխունջներով և այլ ջրային անողնաշարավոր կենդանիներով։
Աչքի է ընկնում գեղեցիկ կեցվածքով։ Թռչում է արագ, ուղիղ գծով՝ թևերի հաճախակի թափահարումով։ Թռիչքի ընթացքում պարանոցն երկայնակի ձգված է դեպի առաջ, իսկ ոտքերը դեպի պոչը։ Ձայնը ցածր է, նման երկարաձիգ գղգղոցի։
ՀՀ տարածքում հանդիպում է աշնանային չուի ընթացքում Սևանա լճի ու Արարատյան հարթավայրի ճահճուտներում։
Պաշտպանվում է օրենքով։