Մոխրաայտ սուզակ. Հայաստանի կարմիր գիրք

Մոխրաայտ սուզակը Սուզակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Նստակյաց, քիչ տարածված տեսակ է, որի քանակությունը կրճատվում է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Սկանդի նավյան երկրներում, Ռուսաստանի հյուսիսում, Ուկրաինայում, Միջին Ասիայում, Կովկասում և Անդրկովկասում: Բնադրման շրջանից դուրս՝ Բրիտ անական կղզիներում, Միջերկրածովյան երկրներում, Փոքր Ասիայում, Իրանում:

Տարածվածությունը Հայաստանում: Չուի շրջաններում հանդիպում է Սևանա և Արփի լճերում, Արարատյան հարթավայրի արհեստական և բնական լճակներում, բնադրման շրջանում` Լոռվա սարահարթի լճակներում:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում նախընտրում է առափնյա հարուստ ջրային բուսականությամբ և բաց ջրային մակերեսով լճերը, լճակները և ջրամբարները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները տեղադրում են եղեգնի և առափնյա ու ջրային բույսերի մնացորդներին, ափից ոչ հեռու: Բնում` 4–5 ձու, սպիտակավուն, 47–51 մմ: Թխսումը` 27–29 օր: Ձագերը հիանալի լողում են և սուզվում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախկինում բնադրում էին Սևանա լճի ավազանում: Մինչև 2005 թ–ը 6–10 բնադրող զույգեր հանդիպում էին Արդանիս գյուղի մոտակա լճակում: Լճակում մշկամկների քանակության ավելացման արդյունքում, դադարեցին բնադրել: Ներկայումս 5–15 բնադրող զույգեր հանդիպում են Լոռվա սարահարթի լճակներում:

Վտանգման հիմնական գործոնները: Ձկնորսների կողմից անհանգստացումը, ջրի տատանումները և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արփի լիճ» և «Սևան» ազգային պարկերում: Կազմակերպվում են հանդիպումներ, բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով: Ողջ տարվա ընթացքում կազմակերպել թվաքանակի հաշվառումներ: Բացահայտել հնարավոր բնադրավայրերը և ապահովել դրանց պահպանությունը: Լոռվա սարահարթի լճակները հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք և ուժեղացնել պայքարը որսագողության դեմ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում