Հայկական լեռնատափաստանային իժ. Հայաստանի Կարմիր գիրք
Հայկական լեռնատափաստանային իժն Իժանման օձերի կամ իժերի ընտանիքին պատկանող օձ է։
Կարգավիճակը: Հայկական բարձրավանդակի էնդեմիկ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable B1ab(iii,v)» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii,v):
Տարածվածությունը: Արեալը ներառում է Արևելյան Անդրկովկասի լեռնային շրջանները, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հարակից հյուսիսային հատվածները:
Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է հանրապետության հյուսիսարևմտյան, կենտրոնական և հարավային շրջաններում, հիմնականում լեռնատափաստանային լանդշաֆտներում և բարձրադիր մարգագետիններում` ծ.մ. 1200–3000 մ. բարձրության վրա:
Ապրելավայրերը: Հայաստանում բնակեցվում է խիստ քարքարոտ, լեռնաքսերոֆիտային տափաստաններում և ալպիական մարգագետիններում: Հանդիպում է նաև լեռնային նոսրանտառներում, լեռնալանջերի քարերի ցրվածքների, սրածայր աստրագալների և այլ չորային բույսերի արանքներում: Հազվադեպ հանդիպում են նաև մշակվող լանդշաֆտներում` քարերի կույտերի տակ: Որպես թաքստոցներ օգտագործում է կրծողների բները, քարերի տակի դատարկությունները, տարբեր թփերի մերձարմատա յին մասերը, ժայռերի և հողի ճեղքերը և այլն:
Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են ապրիլի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը: Սնվում են անողնաշար կենդանիներով և մողեսներով: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ–մայիսին` կախված ապրելավայրի բարձրությունից և ձմեռումից դուրս գալու ժամկետներից: Ձվակենդանածին է: Ձագերի ծնվելը սկսվում է հուլիսի վերջից և տևում մինչև սեպտեմբերի կեսերը: Հղիությունը տևում է 90–130 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը մեծ չէ, սակայն նախալեռնային բիոտոպերում` կուտակման տեղերում, քարերի ցրվածքներում հանդիպում է մոտ 6–8 առանձնյակ 1 հա վրա: Ընդհանուր առմամբ, թվաքանակը կայուն է, ինչը պայմանավորված է լեռնատափաստանային իժի բարձրադիր գոտիներում տարածվածությամբ:
Վտանգման հիմնական գործոնները: Մանր եղջերավոր անասունների արածեցումը լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի լեռնամարգագետնային գոտու փոքր հատվածներում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել Հայաստանի հյուսիսում գտնվող մեկուսացված պոպուլյացիաները (արգելավայրերի ստեղծում) և ընդլայնել «Խոսրովի անտառ» արգելոցի սահմանները: