Դարևսկու իժ. Հայաստանի Կարմիր գիրք

Դարևսկու իժն Իժանման օձերի կամ իժերի ընտանիքին պատկանող օձ է։

Կարգավիճակը: Նեղ արեալային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered B1ab(ii,iii)+2ab(ii,iii)» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab (ii, iii):

Տարածվածությունը: Տեսակի արեալը ներառում է Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասը Հայաստանի սահմաններում` մինչև Վրաստանի հետ սահմանը (լ. Աչքասար), ծ.մ. 2350–3000 մ բարձրության վրա:

Տարածվածությունը Հայաստանում: Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան: 2008 թ –ի տվյալներով՝ տարածման արեալը գրավում է ընդամենը 200 հա:

Ապրելավայրերը: Տեսակի բնորոշ բիոտոպերն են հանդիսանում ենթալպյան գոտում գտնվող քարքարոտ լեռնալանջերը և ժայռային ցցվածքները՝ ծածկված տափակ քարերի կույտերով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջը: Սնվում են անողնաշար կենդանիներով և մողեսներով: Զուգավորումը սկսվում է մայիսի կեսերից: Ձվակենդանածին տեսակ է: Ձագերը (5–8) ծնվում են սեպտեմբերի կեսերին: Ծնվելուց անմիջապես հետո սկսվում է մաշկափոխությունը: Բարձրադիր գոտիներում դիտվող ծնվելու ուշ ժամկետները հիմք են տալիս ենթադրելու, որ բնության մեջ նորածիններն անմիջապես անցնում են ձմեռման, իսկ սնվել սկսում են հաջորդ տարվա գարնանը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Պոպուլյացիաների խտությունը բնորոշ բիոտոպերում բավականին բարձր է` 1 հա մակերեսին տարբեր տարիներին հաշվառվել է 10–12 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը: Բարձրադիր մարգագետինների ինտենսիվ յուրացումը, ընտանի կենդանիների անվերահսկելի արածեցումը և ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում: «Կովկասում Դարևսկու իժի պահպանման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում 2004 թ –ից սկսած մշակվել և իրականացվում են կոնսերվացիոն միջոցառումներ անհրաժեշտ բիոտոպերի տարանջատման և պահպանության նպատակով: Անհրաժեշտ է սահմանազատել և ցանկապատել տեսակի բնորոշ բիոտոպերը և ընդգրկել «Արփի լիճ» ազգային պարկի արգելոցային գոտում: Սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում