Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս. Հայաստանի Կարմիր գիրք

Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը լորտուների ընտանիքին պատկանող օձ է։

Կարգավիճակը: Անդրկովկասի առավել հազվադեպ և քիչ ուսումնասիրված տեսակներից մեկն է: Հայտնի են շատ քիչ քանակով առանձնյակներ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(i, iii):

Տարածվածությունը: Առաջավոր Ասիա` մինչև Իրանի արևմտյան հատվածը արևելքում, Հայաստան և Նախիջևան:

Տարածվածությունը Հայաստանում: Միայն Արաքս գետի հովտում, որտեղ բարձրանում է նախալեռներ, մինչև ծ.մ 1200 մ.:

Ապրելավայրերը: Հանդիպում է միայն օշինդրային կիսաանապատներում, չոր և խիստ քարքարոտ լանջերին, որտեղ կան մերկացած ապարներ և քսերոֆիտ բուսածածկով բազմաթիվ քարաբեկորներ, ինչպես նաև ֆրիգանային գոտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է թաքնված մթնշաղային կենսակերպ և ցերեկային ժամերին հողի մակերես համարյա դուրս չի գալիս: Կենսաբանությունը գրեթե ուսումնասիրված չէ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնության մեջ այս տեսակի թվաքանակը, հավանաբար, կայուն է: Նախկին ԽՍՀՄ –ի տարածքում որսվել են 7 առանձնյակներ` հիմնականում քաղաքների շրջակայքում, կամ յուրացված հողերի վրա: Մինչ այժմ Անդրկովկասում հայտնաբերվել են 19 առանձնյակներ, որից 17–ը` Հայաստանում և Նախիջևանում:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի յուրացումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել «Խոսրովի անտառ» արգելոցին սահմանակից ռինխոկալամուսի բնորոշ բիոտոպերը` միացնելով այդ տարածքները արգելոցին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում