Անդրկովկասյան սահնօձ. Հայաստանի Կարմիր գիրք

Անդրկովկասյան սահնօձը լորտուների ընտանիքին պատկանող օձ է։

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի, Վրաստանի և Ադրբեջանի Կարմիր գրքերում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Փոքր Ասիա, Հյուսիսարևմտյան Իրան, Հարավային Լիբանան, Հյուսիսային Իսրայել, Հյուսիսային Օսեթիա, Չեչնիա, Ինգուշեթիա, Դաղստան, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հանրապետության հյուսիսային և հարավային մասերում, սակայն հանդիպում է հիմնականում Արաքս գետի հովտի նախալեռնային շրջաններում:

Ապրելավայրերը: Լեռնատափաստանային գոտում հանդիպում է քսերոֆիտ թփուտներով և խոտաբույսերով ծածկված քարքարոտ լանջերին, ժայռերի վրա և քարերի ջարդվածքներում: «Խոսրովի անտառ» արգելոցում բնակվում է ժայռերի արանքներում, գիհու նոսր անտառներում: Համբերդ գետի կիրճում հանդիպում է կաղնու նոսր անտառներում, թփուտներում, գետերի ժայռոտ ափերին և կիրճերի լանջերին: Երևանի շրջակայքում բնակեցվում է լանջերի բաց, քարքարոտ տեղամասերում, պտղատու և խաղողի այգիներում, փլատակների և ցանկապատերի միջև: Բարձրանում է մինչև ծ.մ. 2200 մ բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի սկզբնկամ կեսերին: Սնվում է մկնանման կրծողներով, մողեսներով, երիտասարդ առանձնյակները սնվում են միջատներով: Ձվադրումը` հունիսի կեսերին: Ձվակույտում` 3–7 ձու: Ձագերը դուրս են գալիս սեպտեմբերի սկզբին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Գարնանը «Խոսրովի անտառ» արգելոցում 5–ժամյա երթի ընթացքում (6–7 կմ) հանդիպում է 1–2 առանձնյակ: Անօրինական որսի և բնորոշ ապրելավայրերի քանդման հետևանքով, հատկապես Երևան քաղաքի շրջակայքում, թվաքանակը խիստ կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Ապօրինի որսը, բնորոշ ապրելավայրերի քայքայումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի որսի նկատմամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում