Սպիտակափոր մողես. Հայաստանի Կարմիր գիրք
Սպիտակափոր մողեսն Իսկական մողեսների ընտանիքին պատկանող մողես է։
Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a:
Տարածվածությունը: Տեսակի արեալը մասնատված է մի քանի մեկուսացված պոպուլյացիաների Հայաստանի սահմաններում և Արևելյան Թուրքիայի ու Հարավային Վրաստանի հարակից շրջաններում:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանի հյուսիսային և կենտրոնական լեռնային շրջանները:
Ապրելավայրերը: Բնակեցնում է լեռնատափաստանային գոտու ժայռերը, քարերի կույտերը և քարքարոտ լանջերը, ծ.մ.1700–2000 մ բարձրության վրա:
Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի կեսերին–մայիսի սկզբին: Սնվում է հիմնականում բզեզներով և թաղանթաթևավորներով: Բազմանում է կուսածնությամբ: Ձվադրում է հունիսի վերջին–հուլիսի սկզբին: Ձվակույտում` 2–7 ձու: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին–սեպտեմբերի սկզբին:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Տեսակի թվաքանակը կայուն է:
Վտանգման հիմնական գործոնները: Հարմար ապրելավայրերի կրճատումը գյուղատնտեսական գործունեության հետևանքով:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: