Ռոստոմբեկովի մողես. Հայաստանի Կարմիր գիրք

Ռոստոմբեկովի մողեսն Իսկական մողեսների ընտանիքին պատկանող մողես է։

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered B1ab(i,iii)» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2ab(ii, iii):

Տարածվածությունը: Համեմատաբար սահմանափակ արեալ հյուսիսային Հայաստանում և Ադրբեջանի հարակից շրջաններում: Հիմնական արեալը զբաղեցնում է Քուռ գետի հովտի միջին աջափնյա հատվածը և աջ վտակների կիրճը` Վրաստանի, Հյուսիսային Հայաստանի և Հյուսիսարևմտյան Ադրբեջանի սահմաններում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանրապետության տարածքում տեսակի արեալը սահմանազատված է անտառային շրջաններով` Հյուսիսային Հայաստանի սահմաններում: Արեալի հարավային սահմանն անցնում է Փամբակ և Աղստև գետերի կիրճերով, Բազումի լեռնաշղթայի երկայնքով` ք. Սպիտակից արևմուտք: Արեալի հյուսիսային սահմանն անցնում է Պապաքարի լեռնաշղթայի հյուսիսարևելյան մասով, որտեղ առավել հյուսիսային հայտնաբերման վայրերը հայտնի են Նոյեմբերյանի և Սև քարի շրջակայքից: Բացի այդ, հայտնի է մեկուսացված պոպուլյացիա Սևանա լճի հարավարևելյան ափին, գ. Ծովակի շրջակայքում:

Ապրելավայրերը: Տարածված են առավելապես անտառային գոտում, որոշ տեղերում անցնում են լեռնատափաստանային գոտի, ծ.մ. 800–1600 մ բարձրության վրա: Միայն Սևանա լճի ափին հայտնաբերված պոպուլյացիան է բնակվում ծ.մ. 2000 մ բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս է գալիս մարտի վերջին–մայիսի սկզբին: Սնվում է միջատներով և այլ մանր անողնաշար կենդանիներով: Բազմանում է կուսածնությամբ: Ձվադրումը` հունիսի վերջին–հուլիսի սկզբին: Ձվակույտում` 2–4 ձու: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին–սեպտեմբերի սկզբին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնորոշ բիոտոպերում 1 կմ երկարությամբ երթուղու վրա հանդիպում է 50–60 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Տնտեսական գործունեությունը լեռնատափաստանային գոտում և բնորոշ ապրելավայրերի քայքայումը: Ներկայումս Սևանա լճի ափին գտնվող պոպուլյացիան անհետացող է, քանի որ այստեղ դրա սիմպատրիանտն է D. unisexualis–ը, որը դուրս է մղում D. rostombekovi –ն` լինելով ավելի հարմարված բարձրլեռնային պայմաններին:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում