Դալի մողես. Հայաստանի Կարմիր գիրք

Դալի մողեսն Իսկական մողեսների ընտանիքին պատկանող մողես է։

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Տարածված է հյուսիսային Հայաստանի և հարավային Վրաստանի սահմաններում, մինչև Քուռ գետի նախալեռնային հովտի հյուսիսում:

Տարածվածությունը Հայաստանում: Ժամանակակից արեալը մասնատված է մի քանի մեկուսացված պոպուլյացիաների, որոնք գտնվում են Հայաստանի հյուսիսում:

Ապրելավայրերը: Հանդիպում է կիրճերի չափավոր չոր լանջերին, ժայռերին` ծ.մ. 900–1700 մ բարձրության վրա, անտառի գոտում, տեղ–տեղ մտնում է նաև լեռնային տափաստանի քարքարոտ տեղամասեր` մնալով անտառաեզրերին, ճանապարհաեզրերին և թփուտներում: Հաճախ բնակվում է անտառածածկ ավերակներում, քարերից սարքված պատնեշներում և շենքերի պատերի վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի սկզբին–կեսին: Սնվում է միջատներով, դրանց թրթուրներով, սարդերով, նեպուկներով և անձրևաորդերով: Բազմանում է կուսածնությամբ: Ձվադրումը` հունիսի սկզբին–հուլիսի կեսերին: Ձվակույտում` 2–5 ձու: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի կեսին–սեպտեմբերի վերջին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալը մասնատված է մի շարք փոքր, իրարից անջատված հատվածների, որտեղ թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Ճանապարհների վերակառուցումը, միկրոկլիմայի փոփոխումը գետերի ջրահոսքի փոքրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում: Անհրաժեշտ է կատարել տեսակի թվաքանակի հաշվառման և պոպուլյացիայի գնահատման ուսումնասիրություններ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում