Փոքրասիական մողես. Հայաստանի Կարմիր գիրք

Փոքրասիական մողեսն Իսկական մողեսների ընտանիքին պատկանող մողես է։

Կարգավիճակը: Խիստ սակավաթիվ, անհետացող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR A2ac:

Տարածվածությունը: Լայնորեն տարածված է Փոքր Ասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է կենտրոնական և հյուսիսային Հայաստանում, միայն Սպիտակի շրջանի դժվարամատչելի և չմշակված տեղամասերում, Շիրակի մարզի գ. Լանջիկի շրջակայքում: Հայտնաբերված է նաև Տավուշի ջրամբարի հյուսիսային ափերին:

Ապրելավայրերը: Բնակվում է քարքարոտ լեռնա–քսերոֆիտային տափաստանում՝ երբեմն բարձրանալով լեռների չորասեր նոսր բուսածածկով կմախքային լանջերին:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է երկու անգամ` հունիսի վերջին–հուլիսի սկզբին և հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին: Ձվակույտում` 2–5 ձու: Ձագերը դուրս են գալիս հուլիսի վերջին և սեպտեմբերին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1982 թ –ին կատարված հաշվառումները ցույց են տվել, որ 1 հա տարածքում հանդիպում է 2–5 առանձնյակ: Ներկայումս թվաքանակը խիստ կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Բիոտոպերի քայքայման հիմնական պատճառներն են բնական ապրելավայրերի տնտեսական յուրացումը և պոպուլյացիաների ոչնչացումը ընտանի կենդանիների արածեցմամբ և խոտ հունձով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է Բերնի կոնվենցիայով: Պոպուլյացիայի տարածքը չի պահպանվում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել Սպիտակի շրջանի և Շիրակի մարզի լեռնաքսերոֆիտային տափաստանների տեղամասերը և այդ տեղամասե րում ստեղծել փոքր արգելավայրեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում