Առաջավորասիական մաբույա. Հայաստանի Կարմիր գիրք
Առաջավորասիական մաբույան սցինկերի ընտանիքին պատկանող մողես է։
Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Data Defficient» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի» VU B1ab(iii)+2ab(iii):
Տարածվածությունը: Տարածված է Սաուդյան Արաբիայի հյուսիսարևելքում, Հարավային Իրանում, Իրաքում, Բախրեյնում, Հյուսիսային Օմանում, Էրիտրեայում, Թուրքմենստանում, Անդրկովկասում: Արեալի հյուսիսային սահմանն անցնում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենիայի հարավով:
Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է քք. Երևանի, Եղեգնաձորի, Արարատի և Մեղրու, գգ. Արենիի, Ագարակի, Լեհվազի, Վեդու, Աստազուրի, Ասնիի, Ջրվեժի շրջակայքից, ինչպես նաև Ուրծի լեռնաշղթայից:
Ապրելավայրերը: Հանդիպում է լեռների և նախալեռների նոսր, չորասեր բուսականությամբ ծածկված քիչ թե շատ թեք լանջերին ծ.մ. 500–1400 մ բարձրության վրա: Բիոտոպերին բնորոշ են կիրճերի քարքարոտ լանջերի վրա գտնվող մայրական ապարների ելքերը, մեծ քարերի կույտերը: Տեղ–տեղ հանդիպում են այգիներում, լքված և կիսաքանդված շինություններում: Որպես թաքստոցներ, սովորաբար, օգտագործում են ժայռերի ճեղքերը, դատարկությունները քարերի տակ, հազվադեպ` կրծողների բները:
Կենսաբանության առանձնահատկությունները: Դուրս են գալիս մարտի վերջին: Սնվում են տարբեր անողնաշար կենդանիներով: Զուգավորումը դիտվում է մայիսի սկզբին կեսերին: Հուլիսի սկզբին էգը ծնում է 3–8 ձագ:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը և խտությունը անհավասարաչափ է և տարեցտարի ենթարկվում է զգալի տատանումների: Առավել բազմաքանակ են հարավի պոպուլյացիաները (ք. Մեղրու, գգ . Ագարակի ու Նռնաձորի շրջակայք): Այս տեղ թվաքանակը կայուն է և քիչ է ենթարկվում տատանումների ավելի մեղմ ձմեռվա շնորհիվ: Չոր բիոտոպերում` ոչ ավելի, քան 8 առանձնյակ 1 հա վրա: Հայաստանում թվաքանակը խիստ կրճատված է, որոշ վայրերում դարձել է շատ հազվադեպ, իսկ Արարատի հարթավայրում տեսակը գործնականում անհետացել է:
Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի յուրացումը գյուղատնտեսության նպատակներով, լանդշաֆտների ձևափոխումը: Նախալեռնային գոտում` գերարածեցումը, աղբյուրների հոսքային ռեժիմի փոփոխումը, որը բերում է բնական բիոտոպերի ձևափոխման: Անօրինական է որսը:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ուժեղացնել անօրինական որսի վերահսկողությունը: