Չեռնովի մերկաչք. Հայաստանի Կարմիր գիրք

Չեռնովի մերկաչքը (լատ.՝ Ablepharus chernovi) , Չեռնովի ծածկ աչք սցինկը կամ Չեռնովի անկոպ սցինկը սցինկների ընտանիքին, անկոպ սցինկների (Ablepharus) ցեղին պատկանող մողես է։ ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Կոտայքի մարզի լեռներում։ Տարածված է թփուտային, նոսրանտառային և տափաստանային բուսականությամբ խիստ քարքարոտ վայրերում։

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (3,6-5,2 սմ), պոչը գրեթե 1,5 անգամ երկար է։ Գլուխը ծածկված է խոշոր վահանիկներով և տարանջատված չէ մարմնից։ Աչքերը փոքր են՝ ձուլված անշարժ կոպերով։ Արտաքին ականջը բացակայում է։ Ոտքերը շատ կարճ են։ Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, հարթ ու փայլուն թեփուկներով։ Մեջքի ընդհանուր գունավորումը մուգ կամ բաց բրոնզագույն է։ Մեջքային մակերեսին 6 երկայնակի շարքով դասավորված են իրար հաջորդող բաց ու մուգ երկարավուն կետիկներից ձևավորված գծեր, որոնցից 2 կենտրոնականները հպվում են ծոծրակից դեպի պոչն անցնող մուգ գույնի նեղ զոլին։ Քթանցքից դեպի պոչը ևս անցնում են մուգ գույնի զույգ կողմնային զոլեր։ Որովայնային մակերեսը բաց գույնի է, պոչը՝ կապարագույն։

Զուգավորման շրջանում արուների որովայնային մակերեսը վառ նարնջագույն է։ Ստորին ծնոտի և պոչի գունավորումը մնում է մուգ կապարագույն։ Էգերի որովայնային մակերեսը զուգավորման շրջանում բաց նարնջագույն է, իսկ մնացած ժամանակ՝ մոխրագույն՝ բաց գույնի բազմաթիվ բծերով։

Սնվում է մանր հոդվածոտանիներով, փափկամարմիններով։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Հունիսին էգը դնում է 2-4 ձու (5 x 5 մմ)։ Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում