Փոքրասիական տրիտոն. Հայաստանի Կարմիր գիրք
Սալամանդրների ընտանիքին պատկանող երկկենցաղ է։
Կարգավիճակը: Տեղային ռելիկտային պոպուլյացիաներ Հայաստանի հյուսիսում: Տեսակը գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի, Ռուսաստանի և Վրաստանի Կարմիր գրքերում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab (iii,v):
Տարածվածությունը: Իսրայել, Լիբանան, Սիրիա, Փոքր Ասիա, Արևմտյան Կովկաս:
Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է 400–600 մ2 մակերես ունեցող երեք փոքր լճակներում, որոնք գտնվում են խառն անտառի ստորին եզրին մոտ, ծ.մ. 900–1200 մ բարձրության վրա, Ախթալա, Օձուն և Դսեղ գյուղերի շրջակայքում:
Ապրելավայրերը: Հանդիպում են խառը և լայնատերև անտառներում, լեռների լանջերին, որտեղ ձևավորում են ծայրամասային պոպուլյացիաներ աշխարհագրական իզոլյատների տեսքով: Բնակեցնում են առավելապես տարբեր տեսակի կանգուն և թույլ հոսանքային ջրավազանները (լճեր, արհեստական լճակներ, ջրանցքներ, ճահիճներ և այլն), որտեղ առկա է թաքստոց և ձվադրավայր ծառայող ջրային բուսականություն: Այդ ջրավազանների մակերեսը տատանվում է 1–500 մ2, խորությունը` 0,1–3 մ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Ամառը և ձմեռն անցեն կացնում ցամաքում` թաքնվելով փտած կոճղերի կեղևի, քարերի տակ և ժայռերի ճեղքերում: Գարնան և ամռան սկզբին մնում են ջրային բուսականությամբ հարուստ ջրավազաններում: Սնվում են մանր խեցգետնակերպերով, փափկամարմիններով, միջատներով և որդերով: Բազմանում են ապրիլ–մայիսին: Ձվադրում են 50 սմ խորության վրա` օրական 1–53 ձու, 2–11 օր ինտերվալներով: Սեռահասուն են դառնում 3–5 տարեկանում: Կյանքի տևողությունը արեալի տարբեր հատվածներում 8–21 տարի է:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը բնության մեջ կազմում է 1500–1800 առանձնյակ:
Վտանգման հիմնական գործոնները: Թվաքանակի վրա բացասականորեն են ազդում անտառահատումները, մանր ջրավազանների ոչնչացումը, անասունների գերարածեցումը: Պոպուլյացիայի համար լուրջ վտանգ է ներկայացնում զանգվածային ապօրինի որսը` տրիտոններին տերարիումների սիրահարներին վաճառելու նպատակով:
Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի կոնվենցիայի II հավելվածում: Մշակված են լաբորատոր պայմաններում տեսակի բազմացման և աճեցման մեթոդները: 2001 թ –ին Դիլիջանի շրջանի Պարզ լճում բաց են թողնվել լաբորատոր պայմաններում ստացված 70 առանձնյակներ: Անհրաժեշտ է ապրելավայրերին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի` արգելավայրի կարգավիճակ: