Հաշամ. Հայաստանի Կարմիր գիրք
Հաշամը (լատ.՝ Aspius aspius) ծածանաձկների ընտանիքին պատկանող ձուկ է։
ՀՀ-ում տարածված է Հաշամ կարմրաշուրթ (Aspius ataeniatus) ենթատեսակը՝ Արաքս, Մեծամոր, Հրազդան, Արփա, Որոտան, Ախուրյան գետերում և դրանց ջրերով սնվող ջրանցքներում, ջրամբարներում։ Մանրաձկներ և ապրում են փոքրիկ վտառներով, հասունները վարում են մենակյաց կենսաձև։
Խոշոր ձուկ է։ Մարմինը կողքերից թեթևակի սեղմված է, երկարությունը՝ 40-50 (երբեմն՝ մինչև 100) սմ։ Բերանը մեծ է՝ դեպի վեր ուղղված թեք կտրվածքով, գտնվում է դնչի ծայրին։ Ստորին ծնոտը մի փոքր երկար է վերինից, ունի փոքրիկ ցցվածք, որը, բերանը փակելիս, մտնում է վերին ծնոտի վրա գտնվող փոսիկի մեջ։ Պոչային լողակը մկրատաձև է։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 67-90 հատ։ Մեջքային լողակում կա 11 ճառագայթ, հետնալողակում՝ 14-17։ Գլանային ատամները երկշարք են։ Խռիկային առէջները (6-11) կարճ, կոշտ ու սրածայր են։ Մեջքը մոխրագույն է՝ կապտավուն նրբերանգով։ Կողքերը և փորիկն արծաթափայլ են։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են՝ կարմրավուն հիմքով։ Փորային, կրծքային լողակները և հետնալողակը նարնջագույն են կամ դեղնամոխրագույն։ Աչքի ծիածանաթաղանթը արծաթագույն է կամ ոսկեգույն։ Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում, երբ մարմնի երկարությունը՝ 45 սմ է, զանգվածը՝ 2,5 կգ։ Սեռական երկծնությունը թույլ է արտահայտված։ Արուներն էգերից փոքր են և ավելի երկար լողակներով։ Բազմացման շրջանում արուների գլխի վրա հայտնվում է մանր ալրագույն ցան։
Բազմանում է ապրիլին՝ ջրի 12-14 °C ջերմաստիճանում։ Բեղունությունը հասնում է 80 հազարից մինչև մի քանի հարյուր հազար ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնանարնջագույն՝ 1,3 մմ տրամագծով։ Դնում է ջրակալների արագահոս տեղամասերի խճապատ հատակին։ Կենդանակեր տեսակ է, երիտասարդները սնվում են տարբեր անողնաշարավորներով՝ ջրի վրա թափվող միջատներով ու նրանց թրթուրներով, ջրալվերով, այլ ջրային անողնաշարավորներով, հասունները՝ մանր ձկներով, գորտերով, նաև մանր կաթնասուններով ու ջրլող թռչուններով։
Արդյունավետ նշանակություն չունի փոքրաթվության պատճառով։ Սիրողական ձկնորսության օբյեկտ է։ Անհետացող ձկնատեսակ է. պաշարները նվազում են գերորսի և կենսամիջավայրի էկոլոգիական փոփոխությունների պատճառով։