Գեղարքունի. Հայաստանի Կարմիր գիրք

Գեղարքունին (լատ.՝ Salmo ischchan gegarkuni) սաղմոնաձկների ընտանիքին պատկանող ձուկ է, Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։

Համեմատաբար խոշոր ձուկ է։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 35-40 (երբեմն՝ մինչև 90) սմ, զանգվածը՝ մինչև 16 կգ։

Տարածված է միայն Սևանա լճում, որտեղ, ըստ բազմացման տեղի և աճման արագության, առաջացնում է 2 էկոլոգիական խմբեր, որոնց մեկը կոչվում է «յաբանի»։ Վերջինս տարբերվում է ավելի փոքր աչքերով, լայն ճակատով, բարձր մարմնով։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Բերանը համեմատաբար մեծ է։ Էգերի ծնոտները հավասար երկարություն ունեն, իսկ արուների ստորին ծնոտը երկար է վերինից։ Բերանը զինված է ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող լավ զարգացած ատամներով։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 103-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 13-ն են, հետևալողակում՝ 11-12։ Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 17-22 երկար ու սրածայր առէջներ։

Մարմնի գունավորումն անմիջականորեն կախված է սեռական գեղձերի հասունացումից։ Մանրաձկները մինչև 1 տարեկանը դեղնականաչավուն են՝ ուղղահայաց դարչնագույն շերտերով։ Սեռահասուն առանձնյակները բազմացման շրջանից դուրս արծաթափայլ են՝ երկնագույն, ծիրանագույն, կանաչավուն, երբեմն՝ բաց ոսկեգույն նրբերանգներով։

Մարմինը, ի տարբերություն ձմեռային իշխանի, պատված է ավելի մեծ տրամագիծ ունեցող սև, կլորավուն բծերով, որից ընդհանուր գունավորումն ավելի մուգ է թվում։ Լողակները մոխրագույն են։

Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 2-րդ տարում։ Բազմանում է գարնանը։ Այդ ընթացքում արուների վրա հայտնվում է են խալեր ու մգանում, թեփուկները թաղվում են մաշկի մեջ և գրեթե չեն երևում, արծաթափայլ գունավորումն անհետանում է, ատամները երկարում են, ստորին ծնոտի ծայրին առաջանում է կեռ ելուստ։ Մարմինը ծածկվում է լորձով։ Էգերի մոտ այդ փոփոխությունները շատ ավելի թույլ են արտահայտվում։

Բազմանում է աշնանը՝ լճի մեջ թափվող գետերի (Գավառագետ, Ձկնագետ, Ծակքար, Մաքենիս, Մասրիկ և այլն) գետաբերանից մի քանի կմ հեռավորության վրա։ Գետի խճապատ հատակին «կառուցում» են 40-60 սմ երկարությունը, 20-30 սմ լայն, և 5-10 սմ խոր. փոսիկներ, որտեղ և կատարվում է ձվադրությունը։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 3 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 4 ամիս։ Նորածին թրթուրներն առաջին 10-15 օրը սնվում են դեղնուցապարկի պաշարանյութերով, այնուհետև՝ մանր կենդանիներով։ Հասնելով 4- 9 սմ երկարությունը՝ մանրաձկները վերադառնում են լիճ՝ մինչև սեռահասուն դառնալը։

Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, տզրուկներով, ստորակարգ խեցգետնակերպներով։ Խոշոր առանձնյակները կարող են սնվել նաև մանր ողնաշարավորներով՝ ձկներով, երկկենցաղներով։

Մինչև XX դ. 80-ական թթ. Սևանա լճում ունեցել է արտադրական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճի ափերին գտնվող ձկնաբուծարաններում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։

Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Կլիմայավարժեցվել է Իսիկ Կուլ (Ղրղզստան) լճում, որտեղ ունի արդյունաբերական նշանակություն։ Ներկայումս Արարատյան դաշտի, Վայոց ձորի մարզի մի շարք ձկնատնտեսություններում արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու հաջող փորձեր են կատարվում։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում