Բոջակ. Հայաստանի Կարմիր գիրք
Կարգավիճակը: Աշխարհում անհետացած, Սևանի իշխանի էնդեմիկ ենթատեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Անհետացած»` EX:
Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է եղել միայն Սևանա լճում: Հայաստանից դուրս չի հանդիպել:
Ապրելավայրերը: Բնակվել և սնվել է Սևանա լճում` լճի պելագիալի հատուկ տեղամասերում` ավլախներում: Գերադասում էր մեծ խորությունները (15–40 մ), հիմնականում մերձհատակային ձուկ է:
Կենսաբանության առանձնահատկությունները: Սեռահասուն էր դառնում 3–5 տարեկանում: Բեղունությունը` 400–600 ձկնկիթ: Ձվադրում էր 3–4 մ –ից մինչև 35–40 մ խորություններում` խոշոր հարթ խճաքարերում, խոշոր ավազում, ստորջրյա աղբյուրների դուրս գալու տեղերում` ապարների (տրավերտին) վրա, նոյեմբերից մինչև մարտ: Սնվում էր հիմնականում համարիդներով և դաֆնիաներով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մինչև XX դարի 70–ական թվականների կեսերը բազմաքանակ, խոշոր ենթատեսակ էր, որի տարեկան որսը կազմում էր 100 տոննա: Վերջին հավաստի որսը կատարվել է 1986 թ –ին:
Վտանգման հիմնական գործոնները: Անհետացման հիմնական գործոնն էր ձվադրավայրերի չորացումը լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով և որսագողությունը: Արհեստական վերարտադրման փորձեր չեն կատարվել:
Պահպանության միջոցառումները: 1978 թ –ից որսն արգելված է: Պահպանվում էր «Սևան» ազգային պարկում: