ՀՀ-ում գործող բնապահպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերը, օրենքներն ու օրենսգրքերը

ՀՀ բնապահպանական օրենսդրության համակարգը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ բնապահպանական («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք և այլն) և բնառեսուրսային (ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք, ՀՀ անտառային օրենսգիրք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք և այլն) օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով։

Բնապահպանությանն առնչվող որոշումները հաճախ կայացվում են առանց հանրային լսումների անցկացման, առանց փորձագետների ներգրավման՝ խախտելով ՀՀ օրենսդրական պահանջները, ինչպես նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (Օրհուս), որը 2001թ.-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը։
Հասարակությունը որոշումների մասին որպես կանոն տեղեկանում է, երբ արդեն փաստացիորեն կատարվել են որոշումներով թույլատրված գործողությունները և սահմանափակ են արդարադատությանը դիմելու պահանջները։

ՀՀ-ում գործում են բնապահպանության ոլորտին վերաբերող հետևյալ իրավական ակտերը, օրենքներն ու օրենսգրքերը.

  • «Բնության պահպանության մասին» ՀՀ օրենսդրության հիմունքները (1991) սահմանում են բնապահպանության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության սկզբունքները,
  • «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք (1991),
  • «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք (1994),
  • «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք (1995),
  • «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք (1998),
  • «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք (1999),
  • «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենք (2000),
  • «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք (2000),
  • «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենք (2000),
  • «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու մասին» ՀՀ օրենք (2000),
  • «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենք (2001),
  • «Սևանա լճի մասին» ՀՀ օրենք (2001),
  • «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգիրք» (2001),
  • «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենք (2002),
  • «ՀՀ Ջրային օրենսգիրք (2002),
  • «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենք (2002),
  • «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» (2002),
  • «Թափոնների մասին» ՀՀ օրենք (2004),
  • «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրք» (2005),
  • «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենք (2005)։

Գործում են նաև ՀՀ օրենքներ, որոնք նախատեսում են բնապահպանական և բնօգտագործման հարաբերությունները կարգավորող առանձին դրույթներ, մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որով սահմանվում է համայնքի ղեկավարի իրավասությունը շրջակա միջավայրի և բնության պահպանության գործում, «Դեղերի մասին» օրենքը, որը կարգավորում է ոչ պիտանի դեղերի ոչնչացման դեպքում շրջակա միջավայրի պահպանության հետ կապված հարցերը, «Էներգետիկայի մասին», «Քաղաքաշինության մասին», «Բյուջետային համակարգի մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Ագրարային պետական տեսչությունների մասին» օրենքները։

Շրջակա միջավայրի պահպանության ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների և չափորոշիչների խախտումների համար պատժամիջոցների կիրառումը կարգավորվում է ՀՀ Քաղաքացիական, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերի առանձին հոդվածներով։

Շրջակա միջավայրի պահպանությունն ապահովող օրենսդրությունը ՀՀ-ում զարգանում է բնական պաշարների օգտագործման և բնության պահպանության ոլորտների օրենսդրությունների կատարելագործման ուղղությամբ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում