Լուրջ թերացումներ՝ Ամուլսարի հանքի շահագործման իրավական դաշտում. Բացահայտված և չբացահայտված խնդիրներ

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնող խմբի կողմից հրապարակվել է համապարփակ տեղեկատվություն, որտեղ ներկայացված են շահագործման հետ կապված մի շարք իրավական խնդիրներ: Ստորև ներկայացված հոդվածում առանձնացված են միայն իրավական խնդիրները: Ներկայացնենք հոդվածն ամբողջությամբ.

«Ներկայումս ՀՀ տարբեր դատարաններում քննվում են Ամուլսարում հանքի շահագործման հետ կապված մի շարք գործեր: Հակիրճ անդրադարձ կատարենք դրանցից յուրաքանչյուրին:

1. Թիվ ՎԴ/1049/05/15 վարչական գործ

Գնդեվազ համայնքի բնակիչները դիմել են ՀՀ վարչական դատարան ն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով-ի պահանջելով՝

1. ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 24.09.2014 թվականին տեղի ունեցած նիստում «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից մշակված՝ «ՀՀ Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի նախագծին» դրական եզրակացություն տալը ճանաչել ոչ իրավաչափ.

2. Ճանաչել անվավեր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 17.10.2014 թվականին տրված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության» թիվ ԲՓ-76 փորձագիտական եզրակացությունը

3. Որպես հետևանք՝ ճանաչել անվավեր ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տրամադրած թույլտվությունները:

Հայցվորները պնդում են, որ նախատեսվող գործունեությունը ուղղակիորեն արգելվում է օրենքով՝ ներկացնելով հետևյալ հիմնավորումները՝

  • «Շրջակա միջավայրի վրա ազդեցության» թիվ ԲՓ-76 փորձագիտական եզրակացությունը ցույց է տալիս, որ նախատեսվող գործունեության տարածքը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակի՝ Մատնունի Ծիրանավորի աճելավայր: Մինչդեռ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:
  • Ինչպես երևում է գործի հանգամանքներից և «Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի» նիստի արձանագրությունից՝ նախատեսվող գործունեությունը իրականացվելու է Սևանա լճի ջրահավաք ավազանում, այսինքն՝ անմիջականորեն շոշափելու է Սևանա լճի էկոհամակարգը:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝

«Տնտեսավարող սուբյեկտները գործունեություն ծավալելուց կամ տեխնոլոգիական փոփոխություններ կատարելուց առաջ պարտավոր են լիազորված մարմին ներկայացնել համապատասխան հայտարարագիր: Այն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, լիազորված մարմինը, օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների արդյունքների հիման վրա, ընդունում է որոշում` տվյալ գործունեությունը թույլատրելու կամ արգելելու մասին»:

Մինչդեռ Հանձնաժողովը տվել է իր թույլտվությունը վերապահումներով ՝ այդպիսով կատարելով գործողություն, որ նախատեսված չէ օրենքով:

ՀՀ վարչական դատարանը 09.04.2015 թվականի որոշմամբ՝ առաջին երկու պահանջների մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է: Առաջին երկու պահանջներով հայցադիմումի ընդունումը մերժվելուց հետո հայցվորները ստիպված են եղել փոփոխելու նաև երրորդ պահանջը, որը սկզբնապես ներկայացված էր որպես առաջին երկու պահանջներից ածանցվող պահանջ: Ներկայում հիշյալ վարչական գործը քննվում է միայն այն մասով, որը վերաբերվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կողմից ընդունված մի շարք վարչական ակտերի վիճարկմանը:

2. Դատական Գործ N: ԵԿԴ/3077/02/17

Հայցվորը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր հաշվետվություն ներկայացնել պարտավորեցնելու պահանջով:

Հայցվորի պնդմամբ ընկերության ներկայացրած գնահատման հաշվետվություններում չկան կոնկրետ տեղեկություններ Որոտան-Արփա թունելով ջրերի հոսքի վերաբերյալ. «Ինչքա՞ն ջուր է հասնում Կեչուտի ջրամբար, և արդյո՞ք այդ ջրերն աղտոտվելու են, թե` ոչ: Հայցվորը բարձրացրել է իր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրը, քանի որ Որոտան-Արփա թունելով եկող ջուրը հասնելու է Սևան, հետագայում` Հերհեր, որտեղ հայցվորը հողատարածք ունի: Հերհերում ծառերը ջրում են Կեչուտի ջրամբարի ջրով և այդ ծանր մետաղները, թույները, որոնք հասնելու են Կեչուտի ջրամբար, հնարավոր է հասնեն Հերհերի նրա այգի և ոչնչացնեն ծառերն ու ամբողջ բուսականությունը»,- էկոԼուրի հետ զրույցում ասել է Հարություն Բաղդասարյանը:

 

3. Դատական Գործ N: ՎԴ/12997/05/17

Հայցվորը ներկայացրել է հայց ըննդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` հայցվող տեղեկատվությունը տրամադրելուն, այն է` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում` «Գեոթիմ» ՓԲԸ) կողմից շահագործման նախապատրաստվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բոլոր եզրակացությունների պատճենները, մասնավորապես, որոնք վերաբերվում են`

1) բաց հանքերին, 

2) հանքավայրի դատարկ ապարաների լցակույտին,

3) նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման հարթակին,

4) ոսկու կորզման ֆաբրիկային, պարտավորեցնելու» պահանջի մասին:

Հայցվորի պնդմամբ Նախարարությունից հրաժարվել են տրամադրել Ամուլսարի ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները, իսկ հայցվող մյուս տեղեկություններին ընդհանրապես չեն անդրադարձել: Հայցվորի հայտնած տեղեկությունների համաձայն՝ երրորդ նախնական դատական նիստի ժամանակ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այդ փաստաթղթերն իրենց մոտ ոչ մի տարբերակով չեն պահպանել ու վերադարձվել են «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, և, որ իրենք կխնդրեն «Լիդիան Արմենիա»-ին, որպեսզի նրանք կրկին տրամադրեն այդ փաստաթղթերն ու դրանից հետո դրանք հասանելի կլինեն նաև հայցվորի համար։ Անցել է դատաքննության փուլ, և հաջորդ նիստը կկայանա մայիսի 21-ին:

Հայցվորները հայտնել են իրենց մտահոգությունը ներքոնշյալ հարցերի վերաբերյալ՝

1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում նշված է. «վթարի ռիսկի գնահատում` գործընթաց, որի նպատակն է բացահայտել, վերլուծել և գնահատել արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի առաջացման հավանականության պայմանները, դրանց ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, վթարի մասշտաբները, մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ծանրության աստիճանը»։

«ԱԻՆ-ի տված դրական եզրակացությունների մեջ չեք կարողանա գտնել և ոչ մի նախադասություն, որն ինչ-որ կերպ առչություն ունի այս գործընթացի հետ։ Եվ սա այն դեպքում, երբ այս ծրագրով նախատեսվում է տարեկան օգտագործել 1000 տոննա միայն նատրիումի ցիանիդ, ինչպես նաև այլ խիստ վտանգավոր քիմիական նյութեր»,- գրում է ՀԲՃ:

2. «Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման 18-րդ կետում նշված է. «Փորձագիտական եզրակացությունը պետք է ներառի` 1) փորձաքննության իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը և դրանց համառոտ բնութագիրը. 5) տվյալներ արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործմանը վերաբերող փաստաթղթերի մասին (նախագծեր, լիցենզիաներ, պայմանագրեր, սերտիֆիկատներ, ակտեր և այլն):

Այս դեպքում նույնպես ԱԻՆ-ի տված դրական եզրակացությունների մեջ չեք գտնի ոչ փաստաթղթերի ցանկը, ոչ էլ տվյալներ կարգում նշված փաստաթղթերի վերաբերյալ։ 

Իրավական դաշտում ունենք նաև հետևյալ խնդիրները.

1. Ազդակիր համայնքներ

Գեոթիմ ՓԲԸ-ն կողմից նախատեսվող գործունեության /Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրի փոփոխություններ/ նախնական գնահատման հայտի հիման վրա Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեխնիկական առաջադրանքով որպես նախատեսվող գործունեության ազդակիր համայնքներ ճանաչվել են ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Ջերմուկ, Գորհայք, Սարավան, Գնդևազ համայնքները:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքը /այսուհետ՝ Օրենք/ սահմանում է հետևյալ հասկացություները՝ ազդակիր համայնք` շրջակա միջավայրի վրա հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա համայնքի (համայնքների) բնակչություն` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք.

Լիդիան Արմենիա ընկերության Ամլուսարի հանքի ծրագրի Բնապահպանական և սոցիալական գնահատում բաժնի 4-րդ գլխում հստակորեն նշված է, որ «…ստորերկրյա ջրերը, որոնք առաջանում են Ամուլսարի վրա և հոսում են դեպի հյուսիս, ներհոսում են դեպի Արփա գետ կամ հոսում են Կեչուտի հոսք ի վար…», «Էրատոյից ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Արփա գետը», «ԿՏՀ տարածքի տակ հոսող ստորերկրյա ջրերը… հիմնականում հոսում են արևելք՝ դեպի Արփա գետ»: Լիդիան Արմենիա ՓԲ ընկերության կողմից 2016թ. հրապարակած Շահագրգիռ կողմերի ներգրավման պլանում նշված է, որ «Հովիվներն ու Արփա գետի ստորին հատվածից օգտվողները նույնպես պոտենցիալ ազդակիր շահագրգիռ կողմեր են… Հիմնական շահագրգիռ կողմերի թվում են Արփա գետի վրա գտնվող ձկնաբուծարանի սեփականատերը և այլ հողագործներ, ովքեր գետից օգտվում են ոռոգման նպատակով»:

Այն հանգամանքը, որ Արփա-Որոտան գետերի հոսանքում առկա են բազմաթիվ հնարավոր ազդեցության ենթակա համայնքներ, հավաստում են մի շարք անկախ գիտական վերլուծություններ, ուսումնասիրություններ:

Մի շարք հնարավոր ազդեցության ենթակա համայնքներ չեն ճանաչվել որպես ազդակիր համայնք, ինչի արդյունքում բնակչությունը հնարավորություն չի ունեցել իրացնելու Օրհուսի կոնվենցիայի 6—րդ հոդվածով սահմանված՝ գործունեության կոնկրետ տեսակների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը: Համայնքներում տեղի չեն ունեցել հանրային լսումներ, բնակչությունը հնարավորություն չի ունեցել մասնակցել դրանց և հայտնել իր մտահոգությունները նախատեսվող գործունեության վերաբերյալ:

Այսպիսով՝ կարծում ենք, որ առանց նշված համայնքերը որպես ազդակիր ճանաչելու, այնտեղ հանրային լսումներ անց կացնելու, համայնքի բնակիչների կարծինքերը հաշվի առնելու Գեոթիմ ՓԲԸ-ին դրական փորձաքննական եզրակացություն տալով՝ խախտվել են Օրհուսի կոնվենցիայի պահաջները, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքով սահմանված սկբունքները, մասնավորապես՝ գնահատման և փորձաքննության գործընթացում հանրության մասնակցության ապահովումը:


2. Ոչ պատշաճ փորձաքննության իրականացում

06.04.2016թ. ինչպես նաև 20.04.2016թ. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից «Գեոթիմ» ՓԲԸ-ին /հետագայում՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ/ տրվել է արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություն /համար 940, 992/: Ըստ այս եզրակացությունների՝ «արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերը համապատասխանում են տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը, Տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկված «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից շահագործման նախապատրաստվող ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերը համապատասխանում են «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շայագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 21.01.2010թ. N 51 որոշման, ինչպես նաև «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 29.10.2009թ. N 1277 որոշման պահանջներին և նախագծային փաստաթղթերին տրվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն»: Երկու փորձագիտական եզրակացությունները ունեն հետևհալ կառուցվածքը՝ նախաբան, «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված նախագծային փաստաթղթերում առկա տվյալների հակիրճ նկարագրություն, նշում այն մասին, որ նախագծային փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրական պահանջներին: Երկու եզրակացություններում էլ բացակայում է որևէ վերլուծություն, համեմատություն առկա իրավական կարգավորումների, տեխնիկական անվտանգության պահանջների և Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված նախագծային փաստաթղթերում առկա տվյալների:

Տեխնիկական անտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքում տրվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության և փորձագիտական եզրակացության հասկացությունը՝

փորձագիտական եզրակացություն` տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվող փաստաթուղթ, որի մեջ ամփոփվում են տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման վիճակը բնութագրող վերլուծություններ, հետևություններ և եզրահանգումներ.

Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝

1. Փորձաքննության հիմնական խնդիրներն են`

1) փորձաքննության օբյեկտի համալիր ուսումնասիրությունը և հիմնավորված փորձագիտական եզրակացության պատրաստումն ու տրամադրումը.
(…):

Նշենք, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ին տրված արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություների /այսուհետ՝ եզրակացություններ/ մեջ բացակայում են Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 22 սեպտեմբերի 2011 թվականի N 1359-Ն որոշմամբ սահմանված՝ փորձագիտական եզրակացության մեջ պարտադիր ներառվող կետեր, մասնավորապես չկան՝

  • տվյալներ ԱՎՕ-ի անվտանգ շահագործմանը վերաբերող փաստաթղթերի մասին (նախագծեր, լիցենզիաներ, պայմանագրեր, սերտիֆիկատներ, ակտեր և այլն).
  • տեղեկություններ ԱՎՕ-ի ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի պատրաստվածության մասին:

Ինչ վերաբերում է Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին ՀՀ օրենքով սահմանված հիմնավորված փորձագիտական եզրակացության պահանջին, փորձագիտական եզրակացության մեջ վերլուծական շարադրանքի բացակայության պայմաններում անհնար է գնահատել դրա հիմնավորության աստիճանը: Ինչպես արդեն նշվել է, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից «Գեոթիմ» ՓԲԸ-ին տրված արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություների /համար 940, 992/ մեջ բացակայում է վերլուծական մասը: Պարզ չէ, թե ինչի հիման վրա է փորձագետը հանգել այն եզրակացությանը, որ նախագծային փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրական պահանջներին, չեն երևում օգտագործված գիտական մեթոդները, կատարված հետազոտությունները: Իսկ առանց դրանց կատարված եզրահանգումները արժանահավատ լիել չեն կարող:

Ստացվում է, որ վերը նշված փաստաթղթերը չեն կարող համարվել փորձագիտական եզրակացություն Տեխնիկական անտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի իմաստով, քանի որ ըստ այդ օրենքի եզրակացությունն իրենից ենթադրում է փաստաթուղթ, որի մեջ ամփոփվում են տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման վիճակը բնութագրող վերլուծություններ, հետևություններ և եզրահանգումներ: Փաստաթղթում առկա են միայն հետևություններ և եզրահանգումներ:

Այս փաստաթուղթը միայն վերնագրով է համարվում եզրակացություն, սակայն բովանդակային մասով այն չի համապատասխանում եզրակացության համար սահմանված պարտադիր չափանիշնրին:

Ստացվում է, որ «Գեոթիմ» ՓԲ ընկերությանը տրված օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունը տրվել է տեխիկական անվտանգության փորձաքննության ըստ էության իրականացման բացակայության պայմաններում:

Նման պայմաններում արդեն պատշաճ կերպով չի կարող իրականացվել տեխնածին վթարների կանխարգելումը, դրանց հետևանքների վերացումը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի գնահատումը. նվազեցումը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Կարծում ենք՝ նման պայմաններում Գեոթիմ ՓԲ ընկերությանը տրված օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունը` ՀՀ Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի «Տիգրանես» և «Արտավազդես» տեղամասերի շահագործման համար Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի իմաստով անվավեր է:

3. Լեզվի մասին օրենքի խախտում

Լիդիան Արմենիա ընկերության կազմած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ առկա են անգլերեն գլուխներ՝

ՀԱՎԵԼՎԱԾ 15. Spring survey interpretive report

ՀԱՎԵԼՎԱԾ 16. Surface water management plan Amulsar project

ՀԱՎԵԼՎԱԾ 17. DS100 Directional dust flux report

ՀԱՎԵԼՎԱԾ 18. Groundwater modelling study:

Այս փաստաթղթի հիման վրա 29.04.2016թ. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ը Գեոթիմ ՓԲԸ-ի ներկայացրած հիմնական գնահատման հաշվետվության հիման վրա տվել է ԲՓ 35 փորձաքննական եզրակացությունը, ըստ որի Գեոթիմ ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն՝ վերը նշված փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով:

ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են.

ա) գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները.

(…):

Սահմանվում է նաև գործավարություն հասկացությունը՝

գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման և վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առևտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը և (կամ) ձևավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը:

Ստացվում է, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից պատշաճ կերպով չի իրականացվել օրենքով սահմանված՝ գործավարությունը հայերենով կատարելու պահանջը:

Նման պայմաններում կարող ենք նշել, որ Ամուլսարում ոսկու հանքի շահագործումը խախտում է Ընդերքի մասին օրենսգրքի մի շարք սկբզունքներ՝ բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովումը, ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը, պատշաճ կերպով ընդերքի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական փորձաքննության անցկացումը:

Այսպիսով, կարծում ենք, պաշաճ կերպով չի կատարվում սահմանադրական պահանջը ըստ որի՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնող խումբ

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում