ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը կազմակերպել էին միջազգային աշխատաժողով

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» դահլիճում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ կազմակերպած աշխատաժողովը:

Աշխատաժողովը նվիրված էր Ասիայի, Խաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստմանը և կազմակերպվել է փորձագետների խորհրդատվական խմբի շրջանակում, որի հերթական` 13-րդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-12-ին: Աշխատաժողովի կազմակերպումն ու իրականացումը նախատեսված է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմ երկրների համաժողովի որոշմամբ:

Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանի 47 երկրի 54 ներկայացուցիչ, որոնք հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց փորձը կլիմայի փոփոխության ազգային զեկույցների ձևակերպման մասով, ինչպես նաև քննարկել խնդրին առնչվող ազգային մակարդակներով կազմակերպչական, համակարգման և ֆինանսական ներդրումների ներգրավման հարցերը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ վավերացրել է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան /1993 թվականին/, երբ մեր երկիրն ապրում էր իր նորագույն պատմության ամենադժվարին ժամանակները՝ պատերազմ, ծանրագույն էներգետիկ ճգնաժամ, շրջափակում: Այդ իրավիճակը չի խանգարել, որպեսզի Հայաստանը կարևորի նաև մարդկությանը հուզող գլոբալ բնապահպանական խնդիրները, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։

Նախարար Արամայիս Գրիգորյանը կարևորել է Կիոտոյի արձանագրության Ուղղման փաստաթղթի վավերացումը, ինչի ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ նախաձեռնել է գործընթաց, և Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում նախատեսվող նոր արձանագրության կամ այլ իրավական փաստաթղթի ընդունումը` նախատեսված 2015 թվականին, որը պետք է ապահովի ջերմոցային գազերի կրճատման հավակնոտ նշանակետեր։ Ըստ նախարարի, որպեսզի այդ արձանագրությամբ ստանձնվելիք պարտավորությունները լինեն նշանակալի և իրատեսական, հարկ է, որպեսզի դրանց հիմքում լինեն կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների հիմնավոր ծրագրեր, որոնց իրականացման մասին տեղեկությունները պետք է հաղորդվեն մեկնարկած աշխատաժողովում քննարկվող Երկամյա զեկույցներով: Այդ առումով անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները և հստակեցնել կանխատեսումներն՝ արտանետումների սահմանափակ¬ման ուղղությամբ ապագա ներդրումները գնահատելու համար:

Տեղեկացնելով, որ Հայաստանում կտրուկ նվազել են ջերմոցային գազերի արտանետումները /1990թ. hամեմա¬տությամբ 2010թ. ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները կրճատվել են մոտ 3 անգամ/՝ բնապահպանության նախարարը նկատել է, որ վերջիններիս նվազման ամենամեծ չափաբաժինն արձանագրվել է “Էներգետիկա” սեկտորում, սակայն էներգետիկան մնում է ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուր, որին բաժին է ընկնում ազգային արտանետումների 68%:

«Զրկված լինելով սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարներից՝ Հայաստանն, այնուամենայնիվ, ունի վերականգնվող էներգիայի զգալի ռեսուրսներ, որոնց արդյունավետ օգտագործումը և էներգախնայողությունը` ի թիվս այլոց, երկրի կայուն զարգացման և բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար»,- ասել է Արամայիս Գրիգորյանը: Իր խոսքի ավարտին ՀՀ բնապահպանության նախարարը հայտարարել է, որ բնապահպանական հիմնական մարտահրավերների և ծառացած սպառնալիքների լուծման հիմնական ուղին պետությունների համագործակցության և մոլորակի ու ապագա սերնդի նկատմամբ նրանց պատասխանատվության զգացումն է:

Աշխատաժողովի նպատակները ներկայացրել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարության ներկայացուցիչ Ուիլյամ Կոջոն՝ շեշտելով, որ համաժողովը հնարավորություն կտա ռեսուրսներն արդյունավետորեն ուղղել հիմնախնդիրների լուծմանը և զեկույցների կազմմանը:

Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրել են զեկույցներ իրենց երկրներում առկա խնդիրների առանձնահատկությունների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում