Ծառատունկ Կենդանաբանական այգում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը իրականացրել են ծառատունկ Կենդանաբանական այգու՝ կանաչապատումից զուրկ հատվածում, որպես այգու բարեփոխման աշխատանքների մի մաս:

Ծառատունկի հիմնական նպատակն է նպաստել Կենդանաբանական այգու տարածքում կենսաբազմազանության պահպանմանը: Այն նաև նպատակ ունի հրավիրել հասարակության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա և ներգրավել կազմակերպություններին ու քաղաքացիներին դրանց լուծման գործում: Տնկվող ծառերի (թխկի, սոսենի, շագանակենի) ընտրությունը կատարվել է՝ Կենդանաբանական այգու կենդանատեսակների ու բուսատեսակների պահանջներից ելնելով:

Ինչպես հավաստում է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ 2015 թ.-ի ընթացքում Կենդանաբանական այգին կներկայանա հանրությանը վերափոխված և բարելավված տեսքով, հատուկ մշակված զբոսուղիներով: Այգու տնօրենը հստակ օր չնշեց, թե այս տարի երբ պաշտոնապես կբացվի Կենդանաբանական այգին, քանի որ վերափոխումների մեծ ծրագիրը, մեծածավալ շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, բայց նախատեսվում է այգին հանրությանը ներկայացնել հունիսի 1-ից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, խոսելով այգում տեղի ունեցող փոփոխությունների անհրաժեշտության մասին, իր խոսքում նշեց.

‹‹Ծառերը մեր հոգին են. որքան շատ ծառ տնկենք, այնքան մաքուր կլինի օդը, որը շնչում ենք: Սա է կյանքի աղբյուրը, և մենք պետք է տարածենք այս գիտակցությունը մարդկանց մեջ: Աշխարհում ծառերի քանակը երբեք չի կարող բավարար լինել, հատկապես հաշվի առնելով համաշխարհային արդյունաբերության՝ շրջակա միջավայրին հասցրած վնասները: Ես կոչ եմ անում բոլորին՝ հանձն առնել ծառեր տնկելու և դրանց մասին հոգ տանելու պարտականությունը՝ առավել մաքուր ու առողջ աշխարհ ունենալու համար››:

Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հայտնում է, որ այս տարի Երևանի կենդանաբանական այգին հանդես կգա մի շարք նորամուծություններով, այդ թվում` նոր կենդանաբուժական կլինիկա, նոր, ընդարձակ և եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ, նոր, երբևէ չցուցադրված կենդանատեսակներ և այլն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում