ԱՐԳԵԼՎՈՒՄ է այրել խոզանները, կենցաղային և արտադրական աղբը և այլն
Հատկապես տաք եղանակին ավելի են ընդգծվում մթնոլորտային օդի աղտոտման հետևանքները, ուստի Շրջակա միջավայրի նախարարությունը ՀԻՇԵՑՆՈՒՄ Է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝
- այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում,
- այրել կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում,
- բնակավայրերում տեղափոխել տերրիկոնները (հանքահորներից դուրս թափված անպետք ապարների կույտեր), հանքակույտերը և լցակույտերը,
- պահեստավորել արդյունաբերական թափոնները, արտադրական, կենցաղային աղբը և մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնները,
- այրել նշված թափոնները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակավայրերի տարածքներում:
Կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները և քաղաքացիները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ՝
- պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով,
- լվանալ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը,
- ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով,
- օդի դրական ջերմաստիճանի դեպքում օրվա ընթացքում պարբերաբար ջրել շինարարական հրապարակը, բացառությամբ վերանորոգվող և վերակառուցվող փողոցների` բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս,
- հղկման աշխատանքներ իրականացնելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ,
- սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով,
- շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով:
Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը խախտողները ենթակա են նյութական, վարչական ու քրեական պատասխանատվության։