Այս ձագի նկատմամբ անմարդկային դաժանություն է դրսևորվել․ ահազանգ (ֆոտո)

Դինգո թիմ ՀԿ-ը օրերս կենդանու նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքի մասին հերթական ահազանգն է հնչեցրել։ Դեպքն առանձնանում է անմարդկային դաժանությամբ։ 

Դինգո թիմ ՀԿ-ն գրել է․ «Այս ձագուկին գտել էին Վանաձորում։ Նա չէր կարողանում քայլել, չէր ուտում, չէր խմում։ Մտածել էին մեքենա է հարվածել, մեզ խնդրեցին ռենտգենի հարցում օգնել։ Սակայն երբ ձագուկին բերեցին կլինիկա ու ռենտգեն արվեց, անմիջապես ռենտգենից հետո նրան մտցրեցին վիրահատության սենյակ ու սկսեցին վիրահատել, քանի որ 1 վայրկյան անգամ հետաձգել չէր կարելի։

Պարզվեց այս մի բուռ ձագի աղիներում մի բուռ ասեղ է խցանված․․․

Ձագի․․․ ոչ մեկին վնաս չտվող, ոչ մեկի վրա չհարձակվող․․․

Ինչ-որ մեկը, հավանաբար, մսի հետ նրան ասեղներ էր կերակրել․․․»։

Կենդանին վիրահատվել է և նկարում երևացող ասեղները հաջողվել է ամբողջությամբ դուրս բերել ձագի աղիներից։ Նրա վիճակը դեռ ծանր է գնահատվում։ 

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումը փորձել են մեկնաբանել նաև հոգեբանները։ Հոգեբան Իրինա Ծատուրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ այն մարդիկ, որոնք առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաև այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում: Նա կամ հոր, կամ մոր, կամ երկուսի, կամ այլ անձանց կողմից ենթարկվել է շատ դաժան դաստիարակության, ծեծերի, միգուցե վախեցրել են նրան, ծնողները միգուցե բաժանված են եղել և այլն: Այստեղ կարող ենք թվարկել բոլոր բացասական իրադարձությունները, որոնք ընտանիքներում լինում են: Այդպես է մարդը դառնում դաժան: Այդպես մեծացած մարդն է կենդանիներին հետո ենթարկում կտտանքների»,- մանրամասնեց նա: 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը` 

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Մեկ այլ հոգեբան Արկադի Մեհրաբյանը ևս ասել է․ «Ցանկացած դաժան վերաբերմունք, արդեն նշանակում է հոգեբանական լուրջ խնդիրներ, եթե ոչ՝ հոգեբուժական: Ագրեսիան ինքն իրենով և՛ հոգեբանական, և՛ հոգեբուժական, և՛ նյարդաբանական խնդիրներ է ենթադրում: Դա էլ իր հերթին կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ գենետիկ ֆոն, ուղեղի թերհասունացում, դաստիրակաության կոմպլեքսներ և այլն: Եթե անգամ դաժանություն է ցուցաբերվում անշունչ առարկայի նկատմամբ, արդեն խնդիր է ենթադրում»,- ասաց նա: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում