Ահազանգ․ Էջմիածնի կենտրոնում 2 ժամ շարունակ կրակել և սպանել են կենդանիների (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

  • Վաղարշապատ քաղաքում անտուն կենդանիների սպանդ է տեղի ունեցել։ 
  • Ոստիկանությունը ժամանել է ժամեր անց։ 
  • Վաղարշապատի ոստիկանապետն ասել է․ «ստեղ մի հատ էլ մեր բակում կա շուն, որին ես վերացնելու եմ հաստատ»։ 

Մայիսի 12-ի գիշերը Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում շուրջ 2 ժամ շարունակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել և վիրավորվել են անտուն կենդանիներ։ Տեղի է ունեցել կենդանիների սպանդ, ականատեսները տեղում զանգահարել են 1-02 ծառայություն՝ հայտնելով, որ քաղաքում, ընդ որում՝ կենտրոնական հատվածներում, կրակոցներ են, սակայն ոստիկանները դեպքի վայր են հասել ժամեր անց, երբ կրակոցներն արդեն դադարել են, իսկ կենդանիների դիերը հավաքվել։ Մարդիկ տեսել են նաև սպիտակ «Վազ 21-06» մակնիշի մեքենա, որից կրակել են։

Անհայտ է, թե քանի կենդանի է սպանվել, քանի որ դիակները չեն հայտնաբերվել, սակայն հայտնաբերվել է 3 վիրավոր կենդանի, որոնք այժմ օգնություն են ստանում կենդանաբուժական կլինիկայում։ Դեպքի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն։ 

Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը՝ խոսելով դեպքի մասին, ասել է․ «Ես 3 հատ ահազանգ ունեմ գիշերվա հետ կապված, ունեմ նաև Քաղաքապետարանի գրությունը։ Հիմա բացի դրանից ես ձեզ ավելին ասեմ, բան չունեմ ասելու, ճիշտ եք անում՝ պաշտպանում եք կենդանիներին, բայց նույն այդ կենդանիներին, ես պարզ ասեմ, ստեղ մի հատ էլ մեր բակում կա շուն, որին ես վերացնելու եմ հաստատ․․․ ոչ թե կրակելու եմ, այլ տանելու եմ վերացնեմ, որովհետև արդեն մոտավորապես 6-7 հոգու գզել է»։

Գնդապետ Արթուր Բդոյան

Ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանի վերոնշյալ մտքերը, հավանաբար, բացատրում են, թե ինչո՞ւ է ոստիկանությունը 2 ժամ ուշ արձագանքել ահազանգերին։ 

Այս մասին ահազանգել է նաև Դինգո Թիմ ՀԿ-ը՝ գրելով․ «Դուք հասկանում եք չէ՞, որ սա անողները մեր շրջապատում են ապրում իրենց նորմալ մարդու տեղ դրած․․․ Դուք հասկանում եք չէ՞, թե ինչ վտանգավոր մարդիկ են սրանք։

Նման մարդիկ սովորաբար կպնում են մարդկանց ամենաթույլ տեղերին, թե բա "հարձակվում են երեխանեի վրա"․․․ Եթե դու՛ք, որ "բանական էակ եք", ասել է թե "մարդ եք", ու բանական լինելով հանդերձ եք ձեզ էսպես պահում, ապա ի՞նչ եք սպասում բանականություն չունեցող կենդանուց, որը փողոցում է մեր՝ "բանական մարդու" երեսից։

Չէ՛, դուք բանական մարդ չեք, մի անբանական, բնազդներով ապրող կենդանի էլ դուք եք, սրան ուրիշ բացատրություն չկա»։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ահազանգեր են հնչում Հայաստանի տարբեր վայրերից՝ Զվարթնոց, Գյումրի, Հրազդան և այլն։ Կենդանիները ենթարկվում են դաժան սպանդի, քանի որ ՀՀ-ը, մասնավորապես՝ համայնքների գերկշիռ մասը, չեն իրականացնում ստերջացման համալիր ծրագիր։ Բացի այդ, օրինակ՝ Վաղարշապատ քաղաքում իրականացվել է ստերջացման ծրագիր, սակայն քիչ քանակությամբ և սպանդի հետևանքով սպանվել և վիրավորվել են նաև համայնքային բյուջեի միջոցներով ստերջացված կենդանիներ։ Այսպիսով, մայիսի 12-ի գիշերը ոչ միայն կենդանիների նկատմամբ է դաժան վերաբերմունք ցուցաբերվել (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 258.2), բնակելի վայրում կիրառվել է հրազեն, ինչի հետևանքով կարող են նաև մարդիկ սպանվել կամ վնասվել, այլև վնաս է հասցվել համայնքային բյուջեին։ Այս երևույթը կրում է համատարած բնույթ։ 

Կենդանիների սպանդն այս եղանակով ոչ միայն դաժան վերաբերմունք է, այլև խնդրի լուծման ամենաանարդյունավետ եղանակը, ինչն ունի մի շարք հիմնավորումներ։ Ամենահավաստի փաստարկն այն է, որ ՀՀ-ում տասնյակ տարիներ շարունակ կենդանիների սպանդ է իրականացվել, սակայն խնդիրը չի լուծվել։ 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը` 

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում