Բիմիշ կապիկի ցավալի և տառապալից կյանքի մասին․ PETA (տեսանյութ)

Աշխարհահռչակ PETA (People for the Ethical Treatment of Animals) կենդանապաշտպան կազմակերպությունը պատմում է ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի (National Institutes of Health) լաբորատորիայում բանտարկված Բիմիշ անունով 16-ամյա կապիկի մասին։ Բիմիշը կորցնում է մազածածկույթի 73 տոկոսը, ինչը վկայում է չափազանց ծանր սթրեսային իրավիճակի մասին։ Կազմակերպության կողմից ձեռք բերված տեսագրությունը ցուցադրում է, թե ինչպես է կապիկն անդադար քայլում այս ու այն կողմ, ինչը վկայում է նրա ծանր հոգեկան ապրումների մասին։ 

Այս տարիների ընթացքում Բիմիշը չափազանց մեծ փորձությունների միջով է անցել․ ստացել է տարբեր ֆիզիկական վնասվածքներ, ունեցել աղիքային տարբեր խնդիրներ, տառապել է փորլուծությամբ, դերմատիտով, էրիթեմայով (մաշկի կարմրություն) և այլ հիվանդություններով։ Նա դիմացել է բազմաթիվ վիրահատությունների, ինվազիվ պրոցեդուրաների և արյունահոսության: Նա միտումնավոր և պարբերական ուղեղի վնասվածքների է ենթարկվել, նրա գանգի մի մասը բացվել է դա իրականացնելու համար: Նրան ծաղրել են իրատեսական արտաքինով կեղծ սարդերով և օձերով, որոնք կապիկի ամենավատ վախերից են: Եվ այս ամենի հետ մեկտեղ, Բիմիշը մենակ է եղել վանդակում՝ կապիկների համար ամենաանբնական վիճակում, քանի որ նրանց ընտանիքն ունի բարդ հիերարխիկ կառուցվածք, ինչը նույնքան կարևոր է նրանց հոգեկան առողջության համար, որքան սնունդը կամ ջուրը նրանց ֆիզիկական բարեկեցության համար:

Բիմիշը ծնվել է 2005 թվականին և հայտնվել է լաբորատորիայում։ Մոտ 16 տարի և անասելի սարսափներ անց Բիմիշը ներկայումս բանտարկված է Էլիզաբեթ Մյուրեյի NIH լաբորատորիայում։ Էլիզաբեթ Մյուրեյը բացել է կենդանու գանգը, ներծծել ուղեղի մի մասը և թույներ ներարկել դրա մեջ: Նրան տեսել են պառկած սառը մետաղական վանդակի մեջ, անբնական վառ ֆլորեսցենտ լույսերի տակ, բոլորովին միայնակ: Բիմիշը երբեք դա չի խնդրել և երբեք չի համաձայնել օգտագործել փորձերի համար։ Նա չի կարող նույնիսկ մեռնել և փախչել իր դժբախտությունից, քանի դեռ նրանք, ովքեր վերահսկում են նրա կյանքը, չեն ցանկանում այդ:

2020 թվականի փետրվարին PETA-ն փաստաթղթեր է խնդրել հինգ կապիկների, այդ թվում՝ Բիմիշի վերաբերյալ, որոնք պահվում են Մյուրեյի լաբորատորիայում: 18 ամիս և դատավարություն է պահանջվել, որպեսզի NIH-ից փոխանցեն այդ փաստաթղթերը։ 

2007թ․-ին, երբ նա 2 տարեկան էր, Բիմիշին ուղարկել են NIH, որտեղ նրան օգտագործել են ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի երկու վիվիսեկտորներ՝ Էնթոնի Ֆաուչիի գլխավորությամբ: Այս ուսումնասիրությունների համար նրան ուղարկել են Մերիլենդ նահանգի Ռոքվիլ քաղաքում գտնվող սուր վարակիչ հիվանդությունների լաբորատորիա, որը կոչվում էր BIOQUAL (նախկինում հայտնի էր որպես SEMA), որտեղ շիմպանզեները խելագարվում էին սառնարանի չափի վանդակներում, և այժմ պահվում են տարբեր տեսակների հարյուրավոր կապիկներ: Իր հինգերորդ տարեդարձից անմիջապես հետո՝ 2010 թվականին, Բիմիշին տեղափոխել են Մյուրեյի լաբորատորիա NIH-ում և այդ օրվանից նա մնացել է այնտեղ։

Այս ամբողջ ընթացքում կապիկը միայնակ է գտնվել վանդակում։ Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ասում է, որ մարդկանց համար 15 օրից ավելի մենախցում գտնվելու ցանկացած ժամանակահատված խոշտանգումների ձև է: Ըստ  փաստաթղթերի, Բիմիշը դրան դիմացել է 2010 թվականի մարտից, որը 11 տարի է կազմում:

Բիմիշի նկատմամբ փորձարկումները շարունակվում են մինչ այսօր։ Ավելի քան 16 տարվա հոգեբանական տանջանքների, լուրջ բժշկական խնդիրների, վիրահատությունների և Բիմիշի համար ծայրահեղ կործանարար ֆիզիկական և սոցիալական պայմաններում ոչինչ չի կանգնեցրել փորձերը: Բազմաթիվ անգամ անձնակազմը նկատել է, որ նա պառկած է վանդակում կամ գլուխը գրկում դրած, չի արձագանքում նույնիսկ դիպչելուն: 

PETA–ն գրում է․ «Բիմիշը մեկն է այն հարյուրավոր կապիկներից, որոնց կյանքը գողացել է Մյուրեյը՝ դրա համար ծախսելով ԱՄՆ հարկատուների գումարները։ Բայց մոտ 40 տարվա ընթացքում նա գիտական հետազոտությունների կամ մարդու առողջության համար արժեքավոր ոչինչ չի հրապարակել: Այն, ինչ նա անում է, գիտություն չէ, բռնություն է, որը պետք է դադարեցվի»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում