Ահազանգ․ Երևանի կենտրոնում անհայտ անձը կենդանիների «որս» է անում (ֆոտո)

Երևանի կենտրոնում՝ Վարդանանց 24 շենքի տարածքում անհայտ անձը պարբերաբար կրակել և սպանել է թափառող կենդանիների։ Այս մասին ահազանգել է շենքի բնակիչ, կենդանասեր Ռուբեն Սանոյանը, որը նույն հասցեում՝ Վարդանանց 24 շենքի մոտակայքում արդեն մի քանի անգամ հայտնաբերել է հրազենից վիրավորում ստացած կենդանիների և տարել կենդանաբուժական կլինիկա։ Վերջինս երեք անգամ ահազանգել է ՀՀ ոստիկանություն, ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, սակայն անարդյունք՝ քրեական գործերը կարճվել են և մեղավորը չի հայտնաբերվել։

Վարդանանց 24 հասցեում կրակված շուն

«Առաջին շունը երկու տարի առաջ էր, անկյունում կրակել էին, երկու ոտքը աշխատում էին, ինքը քարշ էր գալիս, ես տարա կլինիկա։ Հետո գտա մի կատվի, որի հետին վերջույթները ևս անզգայացել էին։ 3-րդ շանը գիշերվա 2-3-ին են կրակել․․․ ոռնաց, ես իջա, կրկին տարա կլինիկա, բայց արդեն փրկելն անհնար էր, իրեն էլ, կատվին էլ»,- EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում պատմել է նա։ 

Դեպքերից մեկը տեղի է ունեցել վերջերս՝ 2021թ․-ի սեպտեմբեր ամսին։ Շենքի բակում վերջինս հայտնաբերել է վնասված կենդանուն, տեղափոխել նրան կենդանաբուժական կլինիկա, որտեղ պարզ է դարձել, որ շանը կրակել են։ Կենդանաբույժ Վահե Մկրտչյանի կողմից ստորագրված արձանագրությամբ ասվում է․ «Կատարված վիրաբուժական միջամտության արդյունքում հաստատվեց ողնուղեղային սյան ամբողջականության անդարձելի խախտում մետաղյա փամփուշտի պատճառով»։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս արձանագրել է, որ նույն հասցեում՝ Վարդանանց 24 շենքի տարածքում, արդեն 2 անգամ հայտնաբերվել է հրազենային վիրավորում ստացած կենդանի, ինչի մասին եղել են նաև հրապարակումներ (հղում 1, հղում 2

Կենդանասեր Ռուբեն Սանոյանը ընդգծել է․ «Առաջին շանը կրակել են ցերեկ օրով, կողքը երկու երեխա կային, 12-ին մոտ էր, երեխեքն էլ մի քանի մետրի վրա էին»։

Վարդանանց 24 հասցեում կրակված շուն

Մեծ է հավանականությունը, Վարդանանց 24 շենքում ինչ-որ մեկը պատուհանից կրակել է կենդանուն, այն դեպքում, երբ տարածքում նաև մարդիկ են եղել, որոնց թվում՝ երեխա։ 

Երկրորդ դեպքն արձանագրվել է 2021թ․-ի մարտ ամսին, երբ նույն տարածքում Ռուբեն Սանոյանը հայտնաբերել է ողնաշարին կրակած կատվի։ Կենդանաբուժական կլինիկայում պարզվել է, որ կենդանուն նոր չեն կրակել, վերջինիս մոտ անզգայացել են հետևի վերջույթները և վերջինս որոշակի ժամանակահատված ապրել է այդպես, սակայն նրան ևս փրկել չի հաջողվել։ 

Երեք դեպքի առնչությամբ էլ Ռուբեն Սանոյանը դիմել է ՀՀ ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, սակայն դրանք արդյունք չեն տվել։  

Օրերս պարոն Սանոսյանը տարածքում հայտնաբերել է նաև կրակված թռչուն։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգում է Երևան քաղաքի կենտրոնում կենդանիների նկատմամբ պարբերաբար դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին, որի հեղինակը մեծ հավանականությամբ նույն անձն է և նշված հասցեի կամ հարակից տարածքի բնակիչ է։ Հանրային վայրում, ընդ որում՝ բնակելի շենքի տարածքում, հրազենի կիրառումը վտանգավոր է նաև մարդկային հասարակության համար և արգելված է ՀՀ իրավական նորմերով։ Ուստի, առնվազն զարմանալի է, որ ՀՀ ոստիկանությունն արդեն 3-րդ անգամ է չի կարողանում հայտնաբերել մեղավորին։

Ստացվում է, հնարավոր է իրավիճակ, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը ցավալի հետևանքներ առաջացնի նաև որևէ մարդու համար, ինչի պատասխանատվությունը կկիսեն նաև ՀՀ իրավապահ մարմինները, քանի որ, ըստ էության, չի իրականացվել պատշաճ քննություն։ 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հրապարակումը հանդիսանում է ահազանգ հանրությանը սպառնացող վտանգի մասին, ուստի պահանջում ենք ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի հրատապ գործողությունները:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում