Վայրի խոզ, նապաստակ և այլն․ որսի ոլորտում «ոչ դրական» փոփոխություններ են

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով սահմանվել է 2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը որսորդական միություններին կտրամադրվեն նախապես հայտագրված քանակի լիցենզիաներ, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջև։

Ընդգծենք, որ այս տարի թույլատրվել է մի շարք կենդանատեսակների որս, որոնք  արդեն երկար տարիներ է դուրս են եղել որսի ոլորտից, օրինակ՝ եվրոպական նապաստակ, վայրի խոզ, փորսուղ, քարակզաքիս, տափաստանային արտույտ և այլն։ Օրինակ վայրի խոզի որսի ենթակա ընդհանուր քանակությունը սահմանվել է 30 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում։ 

Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը՝ հաշվի առնելով ՀՀ-ում որսորդությամբ զբաղվող քաղաքացիների ճնշող մեծամասնության գիտելիքների բացակայությունը թե՛ որսի ոլորտի, թե՛ ոլորտը կարգավորող իրավական նորմերի, թե՛ կենսաբանական և կենդանաբանական մասին, ինչպես նաև՝ ի նկատի ունենալով ԲԸՏՄ և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող ոչ պատշաճ վերահսկողության մակարդակը, նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից սույն որոշման ընդունումը համարում է անթույլատրելի և անընդունելի։ 

Այս մասին գրել է նաև կենդանաբան Վասիլ Անանյանը՝ ընդգծելով․ «2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկից.

«տափաստանային արտույտ - 2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 250 000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում)»

Տարօրինակ ա էս արտույտին կրկին տեսնել որսատեսակների ցանկում: Ամբողջ աշխարհում քանակը նվազում ա, մեզ մոտ - պռոբլեմ չկա: Պատկերացրեցի որսորդին, որ արտույտների երամի հանդիպեց, ստուգեց թե դրանք տափաստանային են թե ոչ (քանի որ նա ՀՀում հանդիպող բոլոր արտույտներին շատ լավ ճանաչում ա) ու հետո գնդակահարում ա երամին, բայց էնպես, որ - 10 հատից ոչ ավել...

Վայրի խոզն էլ հետաքրքիր ձևով հայտնվեց ցանկում - «սոցիալական նպատակով»... Կարողա սխալվում եմ, բայց կապեցի դա 2020 թ-ն Ղարաբաղյան որսահանդակների բիզիմդիրի հետ»:

Նախարարությունը որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող հայրենակիցներին հորդորում է որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։ Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում