«Ջամբոյի» հիմնադիրը ներողություն կխնդրի Econews.am-ի խմբագիր Մարիամ Տաշչյանից
«Ջամբո» էկզոտիկ ռեստորանի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը դատարանի որոշամբ պետք է ներողություն խնդրի Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանից։
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի գլխավորությամբ որոշում է կայացրել 11.12.2020 թվականի վճռով հայցապահանջը բավարարել մասնակի:
Դատական վճռով ասվում է․ «Արտյոմ Վարդանյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Մարիամ Տաշչյանից իր ֆեյսբուքյան սոցիալական էջի միջոցով հրապարակելով (Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի և դիտելիության թույլատրելի շրջանակի առումով սույն վճռով վկայակոչված երկու գրառումներին չզիջող) հետևյալ տեսքտը «Ես Արտյոմ Վարդանյանս ներողություն եմ խնդրում Մարիամ Տաշչյանից վերջինիս հասցեին կատարված վիրավորական արտահայտությունների համար»»:
Հիշեցնենք, որ «Ջամբո» էկզոտիկ ռեստորանի տարածքում տարիներ շարունակ պահվել են տարբեր տեսակի վայրի և էկզոտիկ կենդանիներ, ինչն էլ հանդիսացել է հայցվոր Մարիամ Տաշչյանի և պատասխանող Արտյոմ Վարդանյանի վեճի պատճառ։
Հիշեցնենք նաև, որ Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գորիգորյանը ևս դատական վեճ է ունեցել Արտյոմ Վարդանյանի հետ։ Էրիկ Գորիգորյանի հայցապահանջը ևս բավարարվել է։