Հրազդանում սարսափելի տանջանքների ենթարկված շունը նոր տուն է գտել ԱՄՆ-ում
Հրազդան քաղաքում Արամ Հարությունյան անունով քաղաքացու կողմից անմարդկային դաժան վերաբերմունքի ենթարկված շունն ամբողջությամբ ապաքինվել է, իրեն շատ լավ է զգում և անգամ նոր տերեր ունի՝ ԱՄՆ-ում։
«Դինգո թիմ» ՀԿ-ն ի ուրախություն բոլորի հայտնել է, որ տանջանքների ենթարկված կենդանին, որին անվանակոչել են Պարոն Ալկապոնե, որդեգրվել և իր նոր տունն է գտել Տեխասում։
«Դինգո թիմը» գրել է․ «Պարոն Ալկապոնեի կյանքն էլ այսպես դասավորվեց, Հրազդանից Տեխաս․․․
Իսկ նրան տանջողը թող մնա ու գլորի իր քրջոտ կյանքը, հուսանք կտեսնի, որ շունը հիմա իրենից լավ է ապրում։
Իսկ մենք չենք դադարում շնորհակալ լինել բոլորից, ովքեր օգնում են մեզ՝ օգնելու կենդանիներին»։
Հիշեցնենք, որ 2021թ․-ի մարտ ամսին սարսափելի դաժանությամբ դեպք էր տեղի ունեցել Հրազդան քաղաքում։ Արամ Հարությունյանի կողմից կենդանին ենթարկվել է ծանր ֆիզիկական տանջանքների։ Ըստ կենդանաբուժական զննության՝ գլխին առկա են սուր ծակող գործիքով հասցված մի քանի վնասվածքներ, արնահոսություն է նկատվել կենդանու բոլոր արտաքին խոռոչներից՝ ականջներից, աչքերից, քթից, այդ թվում՝ նաև հետանցքից, որն ամբողջությամբ պատռված է։